Քրեական հետախուզության գլխավոր վարչության ու Հատուկ նշանակության վարչության աշխատակիցներն այսօր Վանաձորում «օպերացիա» են իրականացնում:
Մեր տեղեկություններով, այդ «օպերացիայի» շրջանակում իրավապահներն այսօր Վանաձորում խուզարկել են քրեական հեղինակություն «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մանուչարյանի բնակարանը:
Խուզարկությունը կատարվել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի քրեական գործի շրջանակում: Այսօր նույն գործի շրջանակում դատարանի որոշմամբ տասնյակից ավելի խուզարկություններ են արվել Վանաձորում:
Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 11-ին. դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանության փորձի ետեւում կանգնած է քրեական հեղինակություն Շալիկոն, որը կրակոցներից հետո կարծես «փախուստի» է դիմել:
Աղբյուր՝ armtimes.com