Որիդ ձեռքը դանակ է ընկնում, գիտեք թե ոչխար ենք, քերթում եք… (Արաբկիրի նորանշանակ թաղապետին)

Արաբկիրի բազմաբնակարան շենքի բնակիչ եմ։ 16 հարկանի շենք է, ունի հարյուր բնակարան։ Ավելի քան երեսուն տարվա շենք է։

Շենքի բակում հավաքվել էին մի խումբ բնակիչներ ու աղմկում էին։ Դե մեծ շենք է, միմյանց հազիվ դեմքով ենք ճանաչում, հին բնակիչների մեծ մասը վաճառել են բնակարանները, նորերն են եկել․․․ Ինչևէ, ցած եմ իջնում՝ հասկանալու, թե ինչի համար է աղմուկը։ Պարզվում է, որ համատիրության նախագահը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարի աշխատանքային ծրագիրը, որը խուճապի մեջ է դրել բնակիչներին։

Նոր թաղապետի լիազորությունները սկսվել են հոկտեմբերի 27-ից։ Լավ, էս երկու- երեք օրվա մեջ այդ ի՞նչ է արել, որ բնակիչներն արդեն դժգոհում են։ Ո՞վ է նոր թաղապետը։ Գուգլի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս։ Գուցե ֆեյսբուքյան էջ ունի,- բացում եմ։ Հա էլի՜․․․ Էջում շնորհավորանքներ են , այս որակի՝ Արամ գազ տուր․․․ Ինչևէ։ Պարզվում է, որ նոր թաղապետը հին շենքերի սպասարկման վճարները հանձնարարել է բարձրացնել էլիտար շենքերի սպասարկման հիմունքներով։ Սպասարկման քառակուսի/ մետրը հանձնարարել է եռակի- քառակի անգամ բարձրացնել, որպեսզի այդ հին շենքերը հասցվեն էլիտար շենքերի սպասարկման մակարդակին։ Եթե, ասենք, նախկինում մի քառակուսի մետրի համար վճարում էին երեսուն դրամ, պիտի վճարեն 100-120 դրամ։ Մտահոգությանը, որ չեն կարողանա վճարել, արձագանքել է՝ դատական պրոցեսներով կգանձենք։ Ովքեր էլ չեն կարողանա գանձել,- զգուշացրել է համատիրության աշխատողներին,- ուրիշներին կնշանակենք։ Ստացվում է, որ ժողովրդին «սարեր խոստացողները» արդեն սկսել են «քերել ժողովրդի կաշին»։ Մինչ ընտրությունները խոսում էին համատիրության պարտքերը ներելու և այլ քաղցր բաների մասին, հիմա խոսում են, որ դատարանի միջոցով գումար կգանձեն, համապատասխան պատժիչ քայլեր կանեն։ Նման քայլեր ձեռնարկելուց առաջ վարչական շրջանի ղեկավարը խոսե՞լ է համատիրության նախագահների հետ՝ իմանալու սոցիալական ինչ վիճակում են բնակիչները։ Սա մի ավելորդ հարվա՞ծ չի թոշակառուներին, կարիքավորներին․․․ Առանց ուսումնասիրության նման փորձարարական հանձնարարականները ավելորդ լարվածություն չե՞ն առաջացնի։ Կամ բնակիչն ինչո՞վ ուրախանա, ո՞ր նոր փոփոխությամբ․․․

Ումի՞ց կգանձեք, հազար անգամ կաշին քերթած մարդկանցի՞ց․․․ Որիդ ձեռքը դանակ է ընկնում, գիտեք թե ոչխար ենք, քերթում եք․․․

Գոնե մի քանի օր համբերեք․․․ կքերթեք էլի։

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am