Ավինյանը դատի է տալիս Politik.am-ին՝ մարիխուանա օգտագործելու հարցում իրեն զրպարտելու համար, կայքի խմբագիրը զգուշացնում է՝ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատի է տալու Politik.am-ին՝ իրեն զրպարտելու համար: Նա զրպարտություն է համարում կայքի հրապարակած տեղեկությունը՝ իր՝ մարիխուանա օգտագործելու մասին:

Իր ֆեյսբուքյան էջում Տիգրան Ավինյանը գրել է. «Սիրելի՛ ընկերներ,

Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում։

Սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։

Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։

Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»։

Նրա այս հայտարարությանը «Ֆեյսբուքում» արձագանքել է կայքի խմբագիր Բորիս Մուրազին և պարզաբանել է, թե ինչու է որոշել հրապարակել այդ նյութը: Մուրազիի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
Հոկտեմբերի 24_ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը՝, բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը: Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելիությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնակլներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:

Հ.Գ. Ի դեպ երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել՝ դա օրենքի պահանջն է

Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»:

tert.am