«Քննչական կոմիտեն պետք է պատասխան տա կատարվածի համար»

Սևակ Հակոբյանի հրապարակումը.

«Աչքներս լույս․ ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներ: Դրանցով կկարողանան պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, և միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ տեխնիկան իրենց հետ չեն տանի։ Միանշանակորեն ողջունելի է, որ քննչական կոմիտեն որոշել է մոտիկից ծանոթանալ գիտության նվաճումներին, թեև ուշագրավ է, որ այդ սարքերը կարող են «սառեցնել» առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը։

Այժմ, արդեն, ըստ քննչական կոմիտեի, առգրավված տեխնիկայի սեփականատերը ոչ թե 6-12 ամիս կսպասի վերադարձին, այլ՝ մի քանի օր։

Սա նշանակում է, որ քննչական կոմիտեն պետք է մի քանի օրում վերադարձնի Yerevan.Today-ից առանց բացատրության առգրաված տեխնիկան, որը չէր տանի, եթե հազարամյակի գյուտը ձեռք բերած լիներ ամիս ու կես առաջ։ Դրա փոխարեն, մեզ մոտ էին եկել ընդամենը «Երևան Սիթի»-ի տոպրակներով՝ պատրաստ եղածը տանելու։

Անձամբ մի քանի անգամ դժգոհություն եմ հայտնել, որ ՔԿ-ն չունի համապատասխան սարքավորումներ և մասնագետներ, որպեսզի համակարգիչը խուզարկության վայրում ստուգի, այլ ոչ՝ տանի իր հետ։ Այժմ, փաստորեն, ունեն այդ տեխնիկան՝ մյուս խուզարկողներին ավելորդ նեղություն չտալու համար։

Գույքը, հավանաբար, կվերադարձնի, սակայն այդպես էլ չի պատասխանի կարևոր հարցին՝ ինչո՞ւ էր տարել և ինչ է գտել։ Խմբագրություն պետք է խուզարկության գային երկաթե ապացույցներով, որոնք չունեին, և հիմա չեն էլ հիմնավորի, քանի որ արդեն նշել են՝ «համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը նախատեսվում է մինչև սույն թվականի վերջ»: Այսինքն՝ նրանք տեխնիկան տարել են՝ որպես զննելու ծրագիր ունենալով միայն իրենց աշխատակիցներին, որոնք պետք է հատ առ հատ ուսումնասիրեն հազարավոր փաստաթղթերը։

Ասել և պնդում եմ՝ քննչական կոմիտեն խլել է մեր համակարգչային տեխնիկան՝ առանց որևէ հոդաբաշխ հիմնավորման, քննչական կոմիտեն չունի և չի կարող ունենալ որևէ ապացույց Yerevan.Today-ի՝ գաղտնալսմանն առնչություն ունենալու վերաբերյալ։ Քննչական կոմիտեն պետք է պատասխան տա կատարվածի համար»։