Սպասեք և ամեն ինչ կտեսնեք. Սերժ Սարգսյանի կուսակցությունն արմատական ընդդիմություն կդառնա

ՀՀԿ պատգամավորների ցուցակն արմատական, բայց կառուցողական ընդդիմության ցանկ կլինի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Առաջիկա օրերին կուսակցությունը կհայտարարի` մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ։

«Իսկ ցուցակի առաջին հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»,- ասաց նա։

Լրագրողներին հետաքրքրեց` հնարավո՞ր է, որ ՀՀԿ ցուցակն ընտրություններում գլխավորի Սերժ Սարգսյանը։

«Որևէ բան առայժմ չենք կարող ասել, մենք այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին։ Կարող եմ ասել, որ մասնակցության դեպքում կուսակցության ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ քաղաքական։ Կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,- պատասխանեց Բաղդասարյանը։

Նշանակում է, որ կուսակցությունը չի ցանկանո՞ւմ գործարարների առաջադրել որպես պատգամավոր։ Բաղդասարյանն այս կապակցությամբ խորհուրդ տվեց մի փոքր սպասել։ «Սպասեք և կտեսնեք», — ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am