Բոլտոնը մեկնաբանեց Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը

907-րդ բանաձևի և Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։

«Այս պահին դեռ որոշում չի կայացվել։ Չեմ կարող ասել` երկու կողմերին զենք վաճառելու վերաբերյալ ինչ որոշում կկայացվի», — ասաց Բոլտոնը։

Թրամփի խորհրդականը նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զենքի մեծ մասը Ռուսաստանից են գնում։

«Մենք` ամերիկացիներս, հավատում ենք, որ մրցակցությունը կատարելագործման շարժիչ ուժն է։ Մեր ռազմամթերքն ամեն դեպքում ռուսականից լավն է», — ասաց Բոլտոնը։

Նրա խոսքով` հարցը պետք է քննարկվի ամերիկյան օրենսդրության շրջանակում։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայն» հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Բոլտոնն ասել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ բանաձևը դադարեցնելու համար։ Այս բանաձևը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։

Բանաձևը նաև արգելում է երկրի կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է Հայաստանի դեմ կիրառվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am