ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի ներկայացնի. Բաբլոյան

ՀՀԿ-ն խոստանում է անցնցում ու առանց անակնկալների անցկացնել վարչապետի ընտրության նպատակով հրավիրվող հատուկ նիստը:

ՀՀԿ խմբակցությունը չի ներկայացնի վարչապետի թեկնածու, չի խոչընդոտի խորհրդարանական արտահերթ ընտրությունների իրականացմանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` վերահաստատելով խմբակցության ավելի վաղ հայտնած դիրքորոշումը:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ վարչապետի ընտրության հատուկ նիստի օրն անցնցում կանցնի:

«Կարծում եմ՝ կկանոնակարգվի ամեն բան այնպես, որ որևիցե ցնցում չառաջանա»,- ասել է Բաբլոյանը:

ԱԺ նախագահը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ռևանշի հնարավորություն է փնտրում:

«ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի ներկայացնի թեկնածու, չի խոչընդոտի դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կգումարվի վաղը` հոկտեմբերի 24-ին: Նիստի ժամը դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Վաղվա հատուկ նիստում վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը-ը ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

Աղբյուրը` armeniasputnik.am -ի