«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 70 տոկոսը Փաշինյանը կլրացնի իր լույսով, մութով, ՔՊ-ով, մնում է 30 տոկոսը։ Այդ 30 տոկոսն էլ մյուսների համար պայքարի ասպարեզ կլինի, եթե ֆորս-մաժոր չլինի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հստակեցնելով, որ լույս ասելով՝ նկատի ունի այն ուժերին, որոնք կմիանան Փաշինյանին, իսկ մութը, ըստ նրա՝ լույսի հակառակն է։
«Իսկ «Լույս» դաշինքը կմիանա՞ Փաշինյանին, թե՞ ոչ, դեռ կտեսնենք»,- ասաց նա։
Եթե ժողովրդին քիչ հայտնի, բայց կիրթ զանգված չանցնի խորհրդարան, ապա, ըստ քաղաքագետի՝ 1.5 տարի հետո նորից կունենանք խորհրդարանական ընտրություններ.
«Խորհրդարանական պետությունը բացարձակ մեծամասնություն չի ընդունում։ Իսրայելի դինամիկան նայեք՝ այդ երկիրն անընդհատ արտահերթ ընտրությունների մեջ է։ Նույնը լինելու է Հայաստանում։ Կամ էլ կլինի դիկտատուրա, իսկ Հայաստանում դիկտատուրան առողջություն չի ունենում»։
Քաղաքագետի խոսքով՝ հնարավոր է՝ ընդդիմություն չլինի. «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն անցնելու, ԲՀԿ-ն է անցնելու, իսկ թե ԲՀԿ-ն ինչպիսի ընդդիմություն է լինում, գիտենք։ Ընդդիմություն չի լինի, բայց կլինի աջ, ձախ, կենտրոն։ Եթե աջ, ձախ և կենտրոն լինի, ընդդիմության կարիք չի լինի, կլինի ներդաշնակ աշխատող խորհրդարան։ Դա նույնն է, որ Թաթայի մոտ լսում ես Բեթհովեն»։
Լևոն Շիրինյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ չի անի՝ ԲՀԿ-ին ձայն տալ, իսկ Հունան Պողոսյանի նշանակումը, ըստ նրա՝ ժողովրդի մեջ տարակուսանք է առաջացրել, և այդ պարագայում ժողովուրդը Փաշինյանի ոչ բոլոր կոչերին է դրական արձագանքելու. «Դա կարող է ազդել Փաշինյանի ռեյտինգի վրա։ Ժողովուրդն ունի հիշողություն, գնահատելու հնարավորություն։ Դա ավագանու ընտրություն չէ, որ իր թեկնածուին ընտրեն»։
Շիրինյանի ստեղծած Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժում կուսակցությունը ևս մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Հաստատ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև հայի արքետիպային տեսակն ուզում ենք վերադարձնել, վերականգնել մեր մշակույթն ու քաղաքականությունը։ Մեր ճերմակ աղավնին պետք է դարձնենք խորհրդարանական սիմվոլ, բայց դա խաղաղության աղավնի չէ, այլ պայքարի, մաքառումի աղավնի է»։
Հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունեն։ «30%-ն էլ վերցնելու ենք, որպեսզի իշխանությունը չկարողանա ընդդիմություն սարքել»,- ի պատասխան՝ ասաց Լևոն Շիրինյանը։
Աղբյուրը՝ 168.am