«Արի գրազ գանք». Գևորգ Կոստանյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ պետաիրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է.

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետք է բազմակարծության համար առնվազն 4 կուսակցություն մուտք գործի ԱԺ, բայց որոշումների կայացման ժամանակ եթե նույնիսկ 20 կուսակցություն լինի ԱԺ-ում, դա չի ազդի որոշումների կայացման վրա»:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, երբ փորձել է պատասխանել, Գևորգ Կոստանյանը մի քանի անգամ նրա խոսքն ընդհատել է մեկնաբանություններով, ինչին նախարարի պաշտոնակատարն արձագանքել է, թե ինքը երբեք չի խանգարել հանձնաժողովի նախագահին, հետևաբար իր խոսքի ժամանակ ևս Գևորգ Կոստանյանը չպետք է ռեպլիկներով հանդես գա:

«Ես նախագահողի իրավունքով ունեմ այդ իրավունքը»,- ասել է Գևորգ Կոստանյանը, մինչդեռ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, թե չկա այդպիսի բան:

«Արի գրազ գանք»,- Էդմոն Մարուքյանին առաջարկել է Գևորգ Կոստանյանը՝ պնդելով, որ ինքն ունի զեկուցողի խոսքն ընդհատելու կամ մեկնաբանություններ անելու իրավունք: Արտակ Զեյնալյանն էլ ասել է, թե դա քննարկումն իր համար ցանկալի հունով տանելու միտում է և մերժելի երևույթ:

Աղբյուրը՝ shantnews.am