ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Ալավերդու պղնձաձուլարանի փակումը:
Նամակում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Վարչապետ
Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջեւ:
Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Որպես ալավերդցի`կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել`անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից:
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»: