ԱԱԾ տնօրենը հանցագործությու՞ն է կոծկում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի խրատվել, շարունակում է մոտավոր հայտարարություններ անել, որոնք հետո գլխացավ են դառնում հենց իր համար։ Նա անդրադառնալով իր եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու դեպքին, հայտարարել է, որ «պատվիրատուն Հայաստանից է», հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», «ԱԱԾ-ի հետ որևէ կապ չունի»։Թե երբ քրեական հետապնդում կսկվի այդ անձի նկատմամբ, Վանեցյանը դեռ չգիտի։ «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում», – ասում է ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը ասել է նաեւ, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում, նրա հետ երբեք չի շփվել։«Գաղտնալսման ժամանակ գտնվել եմ ռոումինգի տակ։ Այդ դեպքում ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումը իրականացնել»։ ԱԱԾ տնօրեն խոսել է նույնիսկ գաղտնալսման շարժառիթների մասին՝ նշելով. «Հիմնական շարժառիթը եղել է նա, որ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի»։

Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում էր այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել ՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Կարելի գուշակել, թե ում է նկարագրել Արթուր Վանեցյանը, սակայն մենք զերծ կմնանք ԱԱԾ պետին բնորոշ մոտավոր հայտարարություններից եւ կսպասենք քննությանը։ Սակայն չենք կարող մյուս կողմից կասկածներ չունենալ, որ Վանեցյանը ինչ-որ բան այնպես չի նկարագրում ու գուցե մի քանի օր հետո նորից խմբագրի իր հայտարարությունը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի մասին հայտնի հայտարարության ժամանակ, որը հիմք հանդիսացավ, որպեսզի վերջինս դատի տա ԱԱԾ պետին։

Հիշեցնենք, որ Քոչարյանը Վանեցյանի դեմ հայց էր ներկայացրել այն հայտարարության համար, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Հետաքրքրական է, որ Վանեցյանը դրանից մի քանի օր հետո զգալով իր սխալը մեկ ուրիշ հարցազրույցում փորձել էր խմբագրել իր խոսքերը ասելով․«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված» անկախության օրը հայտարարեց ԱԱԾ տնօրենը։ Ստացվում է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը կարող է «ձեռքի հետ» մոտավոր հայտարարություններ անել, թքած ունենալ անմեղության կանխավարկածի վրա, մեղադրանքներ հնչեցնել եւ վերջում ասել, թե արագ խոսելու հետեւանքն է։ Սա ցույց է տալիս պետական կառավարման համակարգի ոչ պրոֆեսիոնալ զինանոցը։ Եթե ընդամենը հայտարարության մակարդակում պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեն իրերն իրենց անուններով կոչել եւ ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա պատկերացնում եք, թե ինչ կարող է լինել, երբ նոր իշխանությունը սկսի իրագործել իր տնտեսական, սոցիալական եւ առհասարակ ցանկացած ոլորտին առնչվող նմանատիպ սիրողական ռեֆորմները։ Հայաստանը կվերածեն բրունյան շարժումի։ Սակայն Վանեցյանի սիրողական հայտարարությունը այդ մեկով չի սահմանափակել։ Նա հայտարարել է, թե գիտի լրատվամիջոցների, որոնք իր դեմ հոդվածներ են գնել մի քանի միլիոնով եւ այդ գումարներով վարկեր են մարել։ Փաստորեն պետության ազգային անվտանգության թիվ մեկ պատասխանատուն գիտի հանցագործության մասին, սակայն դա կոծկում է։ Իրավապահ մարմինները պարտավոր են ժամ առաջ ԱԱԾ պետի հայտարարությունն ընդունել հաղորդում հանցագործության մասին եւ ուսումնասիրություններ սկսեն։

Անի Սահակյան

Աղբյուրը՝ hayeli.am