Միայն փողով. Փաշինյանը զբոսնեց Հյուսիսային պողոտայով ու կնոջ համար նվեր ստացավ

Հյուսիսային պողոտայում իրենց ձեռագործ աշխատանքներն ու թխվածքը ցուցադրող սիրիահայերն ամեն կերպ փորձում էին որևէ բան նվիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական տոնավաճառը բացվել է այսօր առավոտյան։ Այն նվիրված է Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին։ Փաշինյանի ծանոթացավ սիրիահայերի հետ և ուսումնասիրեց նրանց ներկայացրած ապրանքները։

Տաղավարներից մեկում ձեռագործ զարդեր վաճառող կինը մի նվեր տվեց Փաշինյանին` Աննա Հակոբյանին փոխանցելու համար։ Մյուս տաղավարի մոտ նրան թխվածք հյուրասիրեցին։ Ոմանք էլ նվերների զամբյուղներ էին պատրաստել, բայց Փաշինյանը հրաժարվեց առանց վճարելու վերցնել դրանք։

«Կվերցնեմ միայն այն դեպքում, եթե վճարեմ», — ասաց նա։

Փաշինյանը կանգ առավ բոլոր տաղավարների մոտ ու երկար զրուցեց տերերի հետ։ Հետաքրքրվեց` ինչով են զբաղվում, հարցրեց դժվարությունների մասին, խորհուրդներ տվեց ու գովեց նրանց` բնականաբար, չմոռանալով ավանդական սելֆիներ անել վաճառողների ու անցորդների հետ։

Վարչապետին ուղեկցում էին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Իբրահիմը։

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am