Ինչ է քննարկվել Մոսկվայում՝ Փաշինյանի հրաժարականից առաջ

Ռուսական «Կոմերսանտ»-ը օրերս տեղեկացրել է, որ շաբաթվա սկզբին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:

«Կոմերսանտ»-ը՝ հղում անելով պետական կառույցներում իր աղբյուրներին, գրում է, որ բանակցությունների օրակարգում հայ-ռուսական հարաբերություններն էին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Պարբերականը հիշեցնում է, որ Խաչատուրովի դեմ Հայաստանում հարուցված է քրեական գործ, հայտնում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ Մոսկվա Արմեն Սարգսյանն այցելել է Նյու Յորքից և Փարիզից հետո: Ռուսական պարբերականը շեշտում է, որ Նյու Յորքում Հայաստանի նախագահը հանդիպել է Միացյալ Նահանգների թե՛ գործող պետքարտուղար Մայք Փոմփեոյի, թե՛ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ:

Փարիզից հետո, որտեղ Արմեն Սարգսյանը մասնակցել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը, ապա այցելել է Մոսկվա: Մոսկովյան այցը չի լուսաբանվել, քանի որ բանակցությունները ոչ ֆորմալ բնույթ էին կրում:

«Կոմերսանտ»-ը գրում է, թե Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը դժվար է միանշանակ գնահատել: Մոսկվային դուր չեն գալիս Հայաստանի նախկին ղեկավարության, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը: «Քոչարյանը այն քիչ մարդկանցից է, ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում», – գրում է հոդվածի հեղինակը:

Ռուսական պարբերականը, որը վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում է թե՛ հայ-ռուսական հարաբերություններին, թե՛ ղարաբաղյան խնդրին և թե՛ ներհայաստանյան իրավիճակին, հերթական անգամ գրել է, որ Մոսկվային մտահոգում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: «Խաչատուրովի ձերբակալությունը լուրջ հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը», – գրված է թերթում:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններն այսօր փայլուն են, և որ առաջիկա ամիսներին ևս երկու պետությունների ղեկավարները հանդիպելու են՝ երկու անգամ են հանդիպելու, և այդ հանդիպումներից մեկի թեման էլ ռուսական գազի գինն է լինելու:

Հոդվածի մեծ մասը նվիրված է Հայաստանի նախագահին: Հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն էր, և ժամանակին Նիկոլ Փաշինյանը նրա դեմ է քվեարկել Ազգային ժողովում: Սակայն այսօր Արմեն Սարգսյանը դիվանագիտական բանագնացի դերակատարություն ունի և օգնում է Հայաստանի նոր իշխանություններին կապ հաստատել երկրի համար առանցքային գործընկերների հետ: Սակայն նաև նշվում է, որ Փաշինյանը ցանկանում է, որ լինել միայն մեկ ղեկավար, և նախագահը ինչպես այսօր, առաջիկայում ևս ունենալու է միայն ներկայացուցչական գործառույթներ:

Այսպես, Մոսկվան՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականից առաջ, ըստ երևույթին ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա կայուն:

Ըստ ամենայնի, այդ կայունությունը կապվում է հենց Արմեն Սարգսյանի գործոնի հետ և ըստ երևույթին, Մոսկվան որոշակի անհանգստություններ ունի և ՀՀ նախագահից ճշգրտումներ անելու կարիք է ունեցել:

Թերևս, հենց Արմեն Սարգսյանի է վերապահված Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանության որոշակի դերակատարությունը:

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում: Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին: Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց և մարդկանց կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի: Նա հայտարարեց կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին պաշտոնանկ անելու մասին:

Այդ օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահը հորդորեց զուսպ և հանդուրժողական լինել ու խոստացավ վիճահարույց օրինագծին անդրադառնալ Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Հոկտեմբերի 9-ին նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ և այդ շրջանակում իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Նախօրեին Արմեն Սարգսյանը «Ազատության» հարցին՝ մտադի՞ր է արդյոք ստորագրել Ազգային ժողովի ընդունած վիճահարույց օրենքը խորհրդարանի կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին, ասաց. «Այդ հարցի շուրջ ես ելույթ եմ ունենալու: Այդ հարցին ես ժամանակը կգա՝ մոտ օրերին կպատասխանեմ»: Ապա` նա հավելել էր. «Այն հարցը, ինչ որ վերաբերվում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված ԱԺ-ի հետ, ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, որ կարծում եմ՝ միակ ճանապարհը դա երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և իհարկե Սահմանադրության սահմաններում, և վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի հետ, և՛ Ազգային ժողովի նախագահի և ներկայացված կուսակցությունների հետ այդ նպատակով, որպեսզի հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»:

Մետաքսյա Շալունց

Աղբյուրը՝ hayeli.am