«Աղջիկ ա, ոգեւորված ուզել ա իրան ցույց տա». Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի մասին

Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում նշանակված քաղաքապետի արտահերթ ընտրություններին 12 թեկնածու է առաջադրվել: Զարմանալի է, որ ոչ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է առաջադրվել, նույն ինքը՝ Ճոյտը, ոչ իր կուսակցությունից որեւէ մեկը: ԲՀԿ-ի շարքերը համալրած Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը քաղաքապետ դառնալու ցանկություն չունի, առաջադրվելու է պատգամավորության թեկնածու, արդեն որոշել են իր կուսակցությունում: Իսկ թե ինչու ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ու այլ հարցերի մասին զրուցեցինք Հակոբյանի հետ:

Մանվել Գրիգորյանի որդու հետ մի քանի անգամ մրցակցել եք, այս անգամ նրանք չկան, դաշտը կարծես ազատ էր, ինչու չառաջադրվեցիք:

-Առաջադրվել եմ, երբ Մանվել Գրիգորյանենք թալանում էին քաղաքը, կողոպտում, երբ հայտարարում էին, որ մեր դեմ խաղ չկա, այ հենց դրա համար էլ առաջադրվել եմ, որ ժողովուրդը տեսնի, որ դրանք միակը չեն, մարդիկ կարող են առաջադրվել:

-Հիմա իրենց քանդածը, թալանածը չուզեցիք սարքեք:

-Դե, նոր մարդիկ են եկել, հեղափոխություն է, թող ստուգեն, թալանածը վերականգնեն: Հիմա մրցակցային մթնոլորտ կա, ես տեսնում եմ, որ մարդիկ ծրագրերով են առաջնորդվում, թող ժողովուրդը որոշի:Իսկ մեր կուսակցությունը նպատակահարմար գտավ թեկնածու չառաջադրել, որովհետեւ կոնկրետ կուսակցական հարմար թեկնածու չկար, դրա համար էլ ազատ ենք թողել:

-Վերջերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակից, Էջմիածնի ժամանակավոր պաշտոնակատար եւ թեկնածու Դիանա Գասպարյանը նախկինում ֆեյսբուքյան իր էջում գրել էր <<Աստված չկա>>, քաղաքում ինչ տրամադրություններ է առաջացրել այդ գրառումը:

-Ես մի բան գիտեմ, որ մարդիկ տրամադրությունով պայմանավորված շատ բան կարող են ասել, մարդ կա հուզված կարող է ասել, կամ հենց էնպես ասի: Ես կարող եմ ասել, որ Աստված կա, գոյություն ունի եւ յուրաքանչյուրս պետք է վախենանք մեր Աստծուց:

Այդ գրառումը սուրբ քաղաքում կարող է ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ:

-Մենք բոլորս էլ ապրում ենք ՝ երբեմն մոռանալով մեր Աստծուն, օրենքները: Մենք սուրբ չենք ու չեմ կարծում, թե սրբացած մարդկանցով պիտի գնանքն ընտրությունների: Չեմ կարծում, թե դա պետք է ինչ-որ բան փոխի: Մարդ ա մի բան ասել ա, լավ կլիներ, որ չասեր: Ու դա չի նշանակում, որ ընտրվի կգնա մարդկանց թույլ չի տա հավատալ Աստծուն: Ոգեւորված է եղել, մի բան ասել ա, ուզեցելա իրան ցույց տա, մի բան անի, որ շատ քչերն են անում, ստացվել է դա:

Քաղաքապետ չեք ուզում դառնալ, մասնակցելո՞ւ եք խորհրդարանի ընտրություններին:

-Այո, այո: Մասնակցելու ենք, փորձելու ենք մեր ուժերը:Առաջադրվելու եմ անպայման ԲՀԿ-ով:

-Ճիշտ եք համարում, որ դեկտեմբերին պետք է ընտրություն անել:

-Այո, ես դեռ երկու ամիս առաջ եմ ասել հեղափոխական տրամադրություններից պետք է անցնենք տնտեսություն զարգացնելու: Բայց առանց ընտրությունների չի ստացվում: Իմ աշխատողներն էլ ամբողջ օրը հեռախոսները ձեռները, նայում են, ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, վերցնում եմ հեռախոսները, երկրորդն են առնում: Ինչքան շուտ լինի, կխաղաղվեն ժողովուրդը: Որ ասվում է էյֆորիա, ինչ անենք, մարդկանց ասենք Նիկոլ Փաշինյանին ձայն մի տվե՞ք, վատ է, որ կունենանք ժողովրդական վարչապետ, իսկ օրենքը սահմանում է, որ 30 տոկոսը կլինեն ընդդիմություն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բիզնեսը պիտի տարանջատվի քաղաքականությունից, չեք վախենում, որ գործարարներիդ թույլ չեն տա:

-Բայց գործարարները իրենք չեն էլ աշխատում: Եթե էդպես ենք նայում ցանկացած բնագավառում էլ բիզնեսմեն են: Հիմա տեսեք Երեւանի նոր քաղաքապետն էլ է չէ՞ բիզնեսով զբաղվել:

-Ստեղծագործական աշխատանք է կատարել:

-Որը շահույթ է հետապնդում: Այսինքն կստեղծագործի, թե ինչ կանի, միեւնույն է դա գործարարություն է, շահույթ է հետապնդում: Ընդհանրապես գործարար է նաեւ սայթի, թերթի խմբագիրը, նույնն է չէ՞: Սկսած դատախազության աշխատողներից, որոնք թաքուն բիզնես ունեն, Հայաստանում բոլորն ունեն բիզնես: Գործարարը բոլոր ոլորտներին քաջատեղյակ է, դուք պատկերացրեք բանաստեղծ գնա ԱԺ, հասկանում ենք բանաստեղծ ա, բայց ինքը շփվել ա՞, կարող ա էնպես օրենքները գրի, որ քաղաքացիները չտուժեն:

Անի Սահակյան

hayeli.am