Ալիևը հետևում է Փաշինյանին. Թաքնված հույսեր Բաքվից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ երեկ սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել:

Ազերթաջ գործակալության փոխանցմամբ, նիստը բացվել է Իլհամ Ալիևի ելույթով: Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ըստ Ալիևի, բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև միայն:

«Այս տարի մենք ձեռնարկեցինք հերթական լուրջ քայլը՝ ուղղված Եվրոպական միության հետ կապերի զարգացմանը: Այս տարվա ամռանը Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է, կարևոր փաստաթուղթ: Դրանում արտացոլվել են բազմաթիվ կարևոր հարցեր: Այդ թվում, փաստաթղթում դրույթներ կան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորմանը, որոնք արդարացիորեն, լիարժեք կերպով արտահայտում են մեր դիրքերն ու շահերը: Փաստաթղթում նշված է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ալիևը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու և դրա ձևաչափը փոխելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոտ ժամանակներում պետք է լուծվի «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, հօգուտ երկրի տարածքային ամբողջականության», ասել է Ալիևը:

«Ուստի մենք շարունակում ենք մնալ մեր սկզբունքային դիրքերում: Հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր քաղաքականության մեջ կցուցաբերի կառուցողականություն»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներում ադրբեջանական հողերը «կազատագրվեն օկուպանտներից»:

Ի՞նչ հույսեր է կապում Ալիևը Փաշինյանի իշխանության հետ: Օրեր առաջ, երբ Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև մի քանի րոպեանոց հանդիպում տեղի ունեցավ, դրանից անմիջապես հետո հանկարծ Ադրբեջանում իշխանական կառույցներից սկսեցին դրական նոտաներով հայտարարություններ հնչել, հանկարծ սկսեցին կարևորել մի քանի րոպեանոց այդ շփումը, կարծես, կայացել էին մի քանի ժամյա բանակցություններ:

Ալիևի հույսը, թերևս այն է, որ Փաշինյանի իշխանությունը կարող է զիջողական կեցվածք ընդունել, չնայած, որ Բաքվի մի քանի հայտարարություններ եղան, և Փաշինյանի ղարաբաղյան թեմայով հայտարարությունները հակասական բնորոշվեցին: Հիմա, նույն Ալիևը, ԼՂ խնդրի մոտալուտ լուծման հույսեր ունի:

Թամար Բագրատունի

hayeli.am