Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը խոստանում է լուծել երևանցիների խնդիրները

Այս պահին ընթանում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Այսօր նոր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջինն աշխատանքային օրն է։

Երևանի նոր ավագանին ունի պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, և ունեն մեր հարազատ երևանցիները։ Այս մասին Երևանի նոր ավագանու առաջին նիստի ժամանակ ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը` դիմելով Ավագանու 65 անդամներին։

«Իրոք երջանիկ եմ, որ մենք այսօր ներկայանում ենք մեր Երևանի բնակիչներին ու այս ամենը եղել է թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, ու ունեն մեր հարազատ երևանցիները։ Վստահ եմ՝ այս ավագանու կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիներն ամեն օր, ամեն պահ և ամեն վայրկյան ժպտան»,– ասաց Հայկ Մարությանը։

Նրա խոսքով` ավագանին, անկախ այն բանից քանի կուսակցություն է ներկայացված, միասնական օրգան է, որտեղ քաղաքական ուժեր չկան։ Բոլոր 65 անդամները պետք է աշխատեն միասին, ուշադիր լինեն մայրաքաղաքի բնակիչներին խնդիրներին ու ժամանակին արձագանքեն ու լուծեն դրանք։

Ավելի վաղ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր իր համար հատուկ, հուզիչ օր է, քանի որ Ավագանու առաջին նիստն է կայանալու։ Նա ընդգծել է, որ կարդարացնի երևանցիների բոլոր հույսերը։

Պատասխանելով ավագանում ընդդիմության բացակայության մասին հարցին` Մարությանն ասաց, որ ընդդիմադիրների քանակը կապ չունի, անգամ եթե մեկ հոգի էլ լիներ, շատ ուշադիր լսելու են նրան։ «Եվ եթե լավ, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,–ասաց նա։

Հիշեցնենք` 2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am