ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումից հետո քաղաքական զարգացումները միայն դրական կլինեն։ 168.am-ի հետ զրույցում Ս. Բագրատյանը նշեց, որ այն, ինչ նախատեսված էր համաժողովրդական շարժման ընթացքով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, հանգուցալուծվեց։
Հարցին՝ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ լուծարման գործընթացին այլև ոչինչ չի՞ խանգարում, Ս.Բագրատյանը պատասխանեց. «Մենք հուշագիր ենք ստորագրել և հանձնառու ենք այդ հուշագրին»։
Ըստ նրա՝ եթե նույնիսկ ՀՅԴ-ն չմիանա սկսված գործընթացին, խորհրդարանում ԱԺ լուծարմանը դեմ ձայները չեն բավականացնի որևէ խոչընդոտ ստեղծելու համար։
Ս.Բագրատյանը նշեց, որ տեղյակ չէ՝ արդյոք Ծառուկյանի քայլը դժգոհություններ առաջացրե՞լ է ԲՀԿ-ականների շրջանում. «Մենք շարժման սկզբից էլ մեր աջակցությունը հայտնել ենք և մասնակցել ենք հնարավոր բոլոր գործընթացներին, բնականաբար, եթե հակառակ կարծիք ունեցողներ լինեին, կարտահայտվեին։ Ես չեմ տեսել հակառակ կարծիք մեր կուսակցությունում»։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն պատրաստ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը. «Իհարկե, աշխատանք շատ կա, պետք է ժողովրդի հետ աշխատել, ժողովրդի հոգսերը ևս մեկ անգամ գույքագրել, հասկանալ, կազմակերպել քարոզարշավը։ Այսինքն՝ աշխատանք շատ կա, բայց մենք պատրաստ ենք»։
«Այժմ ո՞ր ուժն է կանգնած պատմության աղբանոցում հայտնվելու վտանգի առաջ» հարցին Ս.Բագրատյանը պատասխանեց. «Այս պահին Հանրապետական կուսակցությունն է, որ դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում չունի»։
Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորների դիրքորոշումը Ս.Բագրատյանի մոտ տարակուսանք է առաջացրել։ Մասնավորապես, ըստ նրա, Գևորգ Կոստանյանի երեկվա հայտարարությունը, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին, համահունչ չէր նրա գործունեության ընթացքին։
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀԿ-ի ճակատագիրն այժմ կախված է նրանից, թե ինչ ընտրական խաղաքարտ կներկայացնեն.
«Քաղաքական թիմը պետք է հստակ ծրագիր ունենա։ Եթե ներկայացնի, այդ դեպքում պարզ կլինի։ Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ հասարակության մի հատվածի շահերն է սպասարկում, ինքնանպատակ չի քաղաքական կուսակցության գոյությունը։ Իրենք պետք է վերաձևակերպեն խնդիրները, որովհետև քաղաքական նախկին նպատակներն այլևս ավարտված են իրենց քաղաքական թիմի իմաստով, իսկ նորը ձևակերպված չի դեռ»։
Աղբյուրը՝ 168.am