«Անակնկալը» կարող է մատուցվել հանկարծակի ու ուժգին

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, պաշտոնական Երևանն արդեն մի քանի անգամ հայտարարել է՝ ի պատասխան վերջերս Ադրբեջանում քննարկվող թեմային, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակերպությանը նոր երկիր միանա։

Վերջին մի քանի շաբաթներին ադրբեջանական մամուլում լայնորեն քննարկվում էր Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը​։ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կարող է լուրջ խնդիր դառնալ կառույցի անդամների և այլ գործընկերների հարաբերությունների առումով: Բացի այդ, Բաքուն չի թաքցնում, որ կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին, եթե Ղարաբաղյան հարցը իր պատկերացրած լուծումը ստանա:

Ստացվում է Փաշինյանի կառավարությունը մեծ խնդիր ունի: Բացի այդ, կա մեկ այլ բարդ հարց: Կարողանալո՞ւ է Հայաստանը Խաչատուրովին փոխարինել ՀՀ այլ ներկայացուցչով, թե՞ կորցնելու ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը…

Հայաստանը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն լինի ՀՀ ներկայացուցիչ, բայց առայժմ ոչ մի նորություն չկա, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ տեղի են ունենում տարբեր մակարդակի և ձևաչափի խորհրդակցություններ:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում մասնակից վեց երկրների կոնսենսուսի հիման վրա կայացվել է որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ պետություններից բոլորը ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվել է Հայաստանին, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

ՀԱՊԿ նախագահությունը երեք տարով ամրագրվել էր Հայաստանին, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ թեկնածուի հաստատման որոշումն ընդունվել է կոնսեսուսի հիման վրա, սակայն այժմ չկա վստահություն, որ Հայաստանը կպահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնենք նաև, որ մի առիթով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս խոսել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին: «Մենք Պուտինի առաջարկով խոսեցինք Հայաստանում Խաչատուրովի խափանման միջոցին: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի, մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում», – ասել էր Լուկաշենկոն և հավելել. «Բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»: Բելառուսի ղեկավարի փոխանցմամբ, ինքն ու Պուտինը փորձել են ավելի խորը ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը:

Լուկաշենկոյի անդրադարձից պարզ էր, որ կառույցում համարում են, որ Փաշինյանը հարված է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ավելին՝ ժամանակին, փաստորեն, նա առհասարակ դեմ է եղել Հայաստանի ներկայացուցչի թեկնածուին:

Փաստացի, ՀԱՊԿ-ում ունենք բարդ խնդիրներ, առայժմ անորոշությունը պահպանվում է: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ում անդամ մյուս երկրների հետ, ընդդեմ Հայաստանի հանրապետության մյուս թեկնածուի հանդես գալ:

Մյուս կողմից, նման մթնոլորտում չի բացառվում, որ ՀԱՊԿ անդամ մեր մյուս գործընկերներն ուղղակի սատարեն Ադրբեջանի ջանքերը՝ կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ, որքան էլ պաշտոնական Երևանը շարունակի պնդել, թե Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից: Կարևորը՝ վերաբերմունքն է, որը կարող են ցույց տալ Փաշինյանին:

Մետաքսյա Շալունց

Աղբյուրը՝ hayeli.am