«Այսօրվա իրավիճակում անհասկանալի կլինի, որ որեւէ քաղաքական ուժ չմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, բացի «Հանրապետականից», որովհետեւ իրենց մասնակցությունը անհասկանալի կլինի։ Հնարավորություն է տրված միայնակ մասնակցել, դաշինքով։ Իհարկե, կուզեի իդեալականին մոտ լիներ, գաղափարական դաշտում մրցակցություն լիներ, եւ դրա արդյունքում ի վերջո Հայաստանի ընտրողների մեջ այդ գաղափարական էլեմենտը մտցվեր, բայց կարծում եմ՝ էսօր էդ օրը չի։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ ԱԺ-ում, բոլորի գլխին կարծես սառը ջուր լցվեր։ Բոլորը սթափ գնահատեցին իրավիճակը, որ, այն, ինչ Սերժ Սարգսյանն ասել էր, հակառակն են հասկացել։ Իրենք գտնում են, որ դեռ անելիք ունեն երկրում, իրենց անելիքը կայանում է նրանում, որ խառնակչություններ կարող են անել»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին հնարավոր ԱԺ ընտրությունների անցկացմանը եւ իրենց մասնակցությանը։
Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի ընտրությանը չմասնակցելը ճիշտ որոշում է եղել իրենց կողմից․ «Էս էն դեպքն էր, որ ճիշտ էր չմասնակցելը։ Խորհրդարանական ընտրությանը պետք է սկսել սաղմը գցելը։ Մեր դաշտը ո՞րն է, ազատական գաղափարախոսությունը։ Ես էսօր գտնում եմ, որ բանակարծությունը շատ օգտակար կլինի Նիկոլ Փաշինյանին։ Գաղափարական առումով եզրերը շատերի հետ համըկնում է, հիմա՝ ո՞ւմ հետ ո՞նց կգտնենք, դրա մեջ նաեւ «Քաղաքացիական պայմանագիրն» է, էլի կան, չեմ կարող ասել»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Աղբյուրը՝ hraparak.am