ՀՀԿ–ն փոխո՞ւմ է մարտավարությունը. Նիկոլը ճիշտ էր, ՀՀԿ–ն սխա՞լ

Հանրապետական խմբակցության ներկա ու նախկին անդամներից ոմանք այսօր միաժամանակ հայտարարել են, որ կողմ են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Փաշինյանի առաջարկին։

Նման հայտարարությամբ շուրջ 2 ժամ առաջ հանդես եկավ հունիսին ՀՀԿ–ից դուրս եկած պատգամավոր Արման Սահակյանը` նշելով, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։

«Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,– գրել է նա։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Սիվիլնեթին հայտնել է, որ պատրաստվում է լքել ՀՀԿ–ն ու չի մասնակցելու արտահերթ ընտրություններին` երբ էլ դրանք անցկացվեն։

Բայց ամենաուշագրավ հայտարարությունն «Ազատության» հետ հարցազրույցում արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Կոստանյանը։

Նա հայտարարել է, որ ցանկացած ողջամիտ մարդ պարտավոր է աջակցել Փաշինյանին։ «Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի»,– ասել է նա` հավելելով, որ պատրաստ է կանգնել Փաշինյանի կողքին ու անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Նախկին ու ներկա հանրապետականների այս հայտարարություններին ՀՀԿ վերնախավն առայժմ չի արձագանքել, նրանցից մեկնաբանություն ստանալու մեր ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին։ Փոխարենը այդ հայտարարություններին արձագանքել են Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու ու դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը»,– ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ՀՀԿ–ականների նկատմամբ սոցիալական կայքերում տարածվող քննադատությանը։

Գրեթե նույնաբովանդակ գրառում է արել նաև ՔՊ կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը։

«Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը»,– գրել է նա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am