Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք է առաջադրվել 101 պաշտոնյայի

Կոռուպցիոն բնույթի չարաշահումների գործերով այս տարվա 9 ամիսների ընթացքում մեղադրանք է առաջադրվել 101 պաշտոնյայի, նախնական հաշվարկով պետությանը հասցվել է 1 մլրդ 215 մլն 884 հազար դրամի վնաս։ Այսօր` Քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, 100-ավոր գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, բուհերի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության, «Հայփոստի», ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների, «Հայանտառի» աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ:

Նիստի ավարտին, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով, թե քննվող գործերով բացահայտված չարաշահումներից որքան գումար է վերականգնվել` Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Նշված գործերով նշանակվել են փորձաքննություններ։ Փորձաքննությունների արդյունքներով արդեն հայտնի կլինեն այդ թվերը։ Տարեվերջին մենք ակնկալում ենք տարբեր քրեական գործերով լուրջ վերականգնումներ։ Բայց այս պահին արդեն 574 մլն դրամ վերականգնվել է»։

Նշենք, որ քրեական գործի ընթացքում վերականգնվող գումարներն ի պահ են հանձնվում Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումն ու դատարանի վերջնական վճռով կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

armeniasputnik.am