Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Սարգիս Ավագյանը։
Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։
Ըստ Aysor.am-ի՝ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։