Նաիրա Զոհրաբյանը դատի կտա իրեն վիրավորողներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության ու վիրավորանքի համար: Քարոզարշավի ընթացքում նա խոսում էր ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների ու հայհոյանքների մասին։ Հայցը ներկայացվելու է կոնկրետ և ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի դեմ, ու ներկայացվելու են ապացույցներ:

Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Վարդանյանը մեզ հայտնեց, որ հայցադիմումի գլխավոր պահանջը պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելն է, ինչպես նաև գումարային պահանջ է լինելու․ վիրավորանքի համար սահմանված դրամային առավելագույն պահանջը 1 մլն դրամ է։

Վարդանյանը հայտնեց նաև, որ այդ գումարներն ուղղվելու են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Նա չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, որ դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցնողներին, Զոհրաբյանի լուսանկարը տղամարդու կոլաժներով տարածողներին և այլ․ «Դրանք մի քանիսն են»։

Մեր տեղեկություններով` նրանց շարքում են սփյուռքի փոխնախարարի օգնական, ակտիվիստ Անուշ Լալայանը, «Իմ քայլը» ավագանու ցուցակի 17-րդ համարը՝ Արամ Մանուկյանը»: