Սերժ Սարգսյանին Ավանում 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել՝ Ռուբեն Հայրապետյանի տան հարևանությամբ

ՀՀ կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել: Այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Կառավարությունը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, բնակարանի այս տարբերակն առաջարկել է սեպտեմբերի 26-ին: «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց Աղաջանյանը:

Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան արժեքը կազմում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը համարժեք է 602 միլիոն ՀՀ դրամի: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել սակարկել առանձնատան արժեքը: «Մեր բանակցությունների արդյունքում այն իջեցվել է եւ դարձել 950 հազար ԱՄՆ դոլար: Եթե համեմատենք այս բնակարանը Ռոբերտ Քոչարյանի բնակարանի հետ, ապա պարոն Քոչարյանի բնակարանն անհամեմատելի թանկ է: Եթե մենք պետգույքի հաշվեկշռում ունենայինք այլ տարբերակ, ապա անպայման կառաջարկեինք: Սա վերջնական առաջարկն է եւ կսպասենք պարոն Սարգսյանի գրասենյակի պատասխանին»:

Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատունը գտնվում է Ավան վարչական շրջանում: «Գտնվում է բավականին թանկարժեք առանձնատների թաղամասում»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ըստ Աղաջանյանի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատան մոտակայքում գտնվում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը:

Աղբյուր՝ armtimes.com