Փաշինյանն ու Ալիևը 2 րոպեում «ջրեցի՞ն» պայմանավորվածությունները. քաղաքագետը մտահոգված է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը որևէ արդյունք չի սպասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ Նա հետևել է ադրբեջանական լրահոսին և նկատել, որ ադրբեջանցիներն արդեն իսկ պատճառներ են փնտրում պայմանավորվածությունները խախտելու մեջ հայերին մեղադրելու համար։

«Վստահ եմ, որ այդ պրոցեսը շարունակվելու է, և այդ ամենից, ցավոք սրտի, խաղաղություն և հանդարտություն չենք ունենալու սահմանին։ Ես չեմ կիսում վարչապետի լավատեսությունը։ Եթե դա լավատեսություն չէ, այլ վստահություն, ուրեմն պարզապես չեմ հասկանում նման մոտեցումը, որովհետև փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն մինչ օրս չի աշխատել, և վերադառնալով Բաքու` Ալիևը մշտապես հակառակ դիրքորոշումներով է հանդես եկել»,- Sputnik Արմենիային ասաց Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ բացի սահմանի հանդարտությանը վերաբերող խնդրից, ավելի անհանգստացնող է այն փաստը, որ բանակցային գործընթացում օրակարգ է փոխվում։

«Եվ դա արվում է, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի ոչ պատրաստ մոտեցումների հետևանքով»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ եթե սահմանային միջադեպերի բացառման հարցում փոփոխություն չի լինելու պրակտիկայում, ապա քաղաքական դաշտում դա նշանակում է, որ մի կողմ են նետվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որտեղ իրավիճակը հանդարտ պահելու հստակ մեխանիզմներ են նշված։

«Եվ գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունը դրանք մերժել է։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող որևէ բան պարտադրել։ Ըստ էության, այն, ինչ անում է, Ադրբեջանի նախագահը, այդ պայմանավորվածություններից փախչելն է, Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը «ջրելը» և փոխարենը նոր պայմանավորվածություններ սկսելը, ինչը շատ մեծ բացթողում է մեր դիվանագիտութան համար»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանը կարողացել է այնպիսի որոշումներ պարտադրել Ադրբեջանին, որոնք ընկալելի էին միջազգային հանրության ու միջնորդների համար և բավականին դժվար կացության մեջ էին դրել Ալիևին։

«Երկրորդ խնդիրը, որն ինձ շատ է անհանգստացնում, այն է, որ Հայաստանի իշխանությունը փաստորեն լրջորեն չի զբաղվում մեզ համար անվտանգության հիմնական խնդիրներով։ Ակնհայտ երևում է, որ վարչապետի ուշադրության կենտրոնում միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է։ Այսինքն` նա հայտարարում է, որ սահմանին արդեն հանգիստ է լինելու, կարող ենք հանգիստ զբաղվել ընտրությունների հարցով։ Եվ այդ տպավորությունը հենված է մի մարդու խոսքի վրա, որն արդեն տասնամյակներ շարունակ մեր երկրների համար հիմնական սպառնալիքի աղբյուրն է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա այսպիսի մոտեցումները ոչ միայն անընդունելի է համարում, այլև խիստ քննադատելի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am