«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է եւ հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։
Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչեւ տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչեւ 2022 թվականը։
Ընդհանուր մոտեցումը եղել է հետեւյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների եւ տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որեւէ խախտում, որեւէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։
Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլեւ նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ միաբերան հարցրել են ԳՄ անդամները։
Սերժ Սարգսյանն ասել է․ «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ապա շատ չեն խոսել, ընդամենը ասվել է․ «Եթե իր կողմից լինի դեպի մեզ քայլ, մենք սիրով ընդառաջ կգնանք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում