Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:

Քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված սեպտեմբերի 26-30-ը, իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, շարունակվելու է տասը օր՝ մինչեւ հոկտեմբերի 19-ը: Իսկ հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:

Հրազդանում այս պահին, բացի Սեւակ Միքայելյանից այլ թեկնածուներ չեն առաջադրվել:

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, բացի Հրազդան քաղաքից համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում:

Հիշեցնենք, որ մինչ այս Հրազդան քաղաքի քաղաքապետն էր ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, որը հրաժարական տվեց Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 2-ին: Այս պահի դրությամբ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է Լիլիթ Ստեփանյանը:

Աղբյուրը՝ armtimes.com