«Կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ կմասնակցենք, մեր քվեն կստանանք». Գալուստ Սահակյան

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հարցեր։

«Արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկել, կարծում եմ` խորհրդարանը լուծարելը սխալ երևույթ է։ Այն խիստ վտանգավոր է երկրի համար»։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով` նիստի ժամանակ քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հարցեր։ «Երբ Նիկոլ Փաշինյանը գա, կքննարկենք արտահերթ ընտրությունների հարցը, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք»,–ասաց նա։

Թե ինչ առանցքային խնդիրներ են քննարկել ՀՀԿ նախագահի տեղակալը չցանկացավ բացահայտել, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ասաց իր` սեփական կարծիքը։

«Խորհրդարանական մեծամասնությունը պետք է գնա այն ճանապարհով, ինչ առաջարկում է կառավարությունը։ Կառավարության ծրագրում գրված է`մի տարվա մեջ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, կգա ժամանակը կլինեն։ Հանրապետականը երբեք որևէ մեկի դեմ չէ, ասում ենք` կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ կմասնակցենք, մեր քվեն կստանանք, կպայքարենք»,–ասաց Սահակյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցին` Սահակյանը նշեց, որ նա հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է։

«Եթե Քոչարյանը մտնի ակտիվ քաղաքականություն և այնպիսի բան առաջարկի, որ մեր գաղափարներին մոտ լինի, կհամագործակցենք։ Ցանկացած քաղաքական ուժի և գործչի հետ կարելի է համագործակցել, եթե նա ճիշտ բան է առաջարկում»,–խոսելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին` նշեց Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք` Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին արտասանած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական ներկա վիճակին:

Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ոգով Հայաստանն այսօր պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am