Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին կհրավիրեն ԱԺ

Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների գաղտնալսման փաստով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստերին կարող են հրավիրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վերջինի կալանքի հարցը քննած դատավորը։

Այս մասին որոշումն այսօր կայացվեց ԱԺ հանձնաժողովի նիստում։ Բայց, ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ` պաշտոնեական կամ այլ գաղտնիք պարունակող նյութերի չհրապարակման սկզբունքից ելնելով։ Իսկ այն նիստերը, որոնց կհրավիրվեն առանձին փորձագետներ, կանցկացվեն կա՛մ բաց, կա՛մ փակ ռեժիմով` հանձնաժողովի որոշմամբ։

Նիստից հետո էլ հանձնաժողովի անդամները լրագրողներին տեղեկատվություն չեն տա։ Անհրաժեշտ տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությամբ։ Ի դեպ, Գևորգ Կոստանյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովի անդամները ստորագրել են փաստաթղթեր, որ այդ մասին կարող են հայտնել միայն 5 տարի հետո։

«Այդ տեղեկատվություն հայտնելն ուղղակի քրեական հանցագործություն կդիտվի»,- իր գործընկերներին զգուշացրեց հանձնաժողովի նախագահը։

Բացի այդ, հանձնաժողովը նաև հարցումներ է ուղարկելու պետական մարմիններ` պարզելու, թե Հայաստանում որ պետական ու մասնավոր կազմակերպություններն ունեն գաղտնալսող սարքավորումներ և ովքեր կարող էին դրանք ներմուծել ապօրինի ճանապարհով` անկախացումից ի վեր։

Կոստանյանն առաջարկեց հրավիրել նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնիության պատասխանատուներին։

«ՀՀ-ում ոչ ոք չի կարող դառնալ գաղտնալսման զոհ։ Քննելու ենք ոչ միայն այս, այլև նախկինում տեղի ունեցած գաղտնալսումները` հասկանալու համար, թե որքանով է ապահովված ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց Կոստանյանը։

Այսպիսով հանձնաժողովի նիստն ավարտվեց։ Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել մեկ շաբաթ անց`հոկտեմբերի 3-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am