Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը վերլուծական հոդվածով անդրադարձել է սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններին՝ ենթադրելով, թե ինչ հետընտրական գործընթացներ կզարգանան երկրում:
Հեղինակը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքապետի ընտրությունն իրականում դառնա իր նկատմամբ վստահություն հայտնելու հանրաքվե ու ճնշման միջոց այն ընդդիմախոսների համար, որոնց պատրաստվում է ստիպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:
Սոլովյովն ընդգծում է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, Փաշինյանի աջակցությունը վայելող հումորիստ Հայկ Մարությանի հաղթանակը հենց ամենասկզբից էր կանխատեսվում:
«Պարոն Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքապետի ընտրություններն իր անձնական հաղթանակը դառնան:
Որոշ փորձագետներ նույնիսկ ասում էին, որ նա հատուկ է հումորիստի թեկնածությունն ընտրել, որպեսզի բոլորին մի բան ապացուցի. մարդիկ իրենց քվեն կտան ցանկացած մեկի, որին Փաշինյանն անձամբ կաջակցի»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետն անձամբ է մասնակցել Մարությանի հանրահավաքներին՝ քաղաքապետի ընտրությունը ներկայացնելով որպես «սև ու սպիտակ ուժերի պայքար»:
Ընտրություններից անցում կատարելով Ազգային ժողովի հավանական լուծարմանն ու խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու թեմային՝ Սոլովյովը նշում է, որ այժմ վարչապետի գլխավոր խնդիրը խորհրդարանում հուսալի մեծամասնության բացակայությունն է:
«Ստեղծված իրավիճակում նրա միակ ռեսուրսն ու լեգիտիմության երաշխիքը փողոցն է: Իր իսկ կողմից «թավշյա հեղափոխություն» որակված իրադարձություններից չորս ամիս անց վարչապետը շարունակում է հրապարակներ լցնել՝ այնտեղ բավական երկար ժամանակ անցկացնելով: Եվ ամեն անգամ նա ընդգծում է, որ գործում է ժողովրդի անունից ու առաջնորդվում է նրանց շահերով»,- շարունակում է հեղինակը:
Սոլովյովը հիշեցնում է, որ Փաշինյանն իր հաղթանակից անմիջապես հետո հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սուր անհրաժեշտություն են, սակայն նրան դեռևս չի հաջողվել հասնել դրանց անցկացմանը:
«Դա չի բխում ավտոմատ ընդդիմություն դարձած Հանրապետական կուսակցության շահերից, քանի որ այն դեռևս ուշքի չի եկել իշխանության կորստի փաստից ու կարող է ջախջախիչ պարտություն կրել ճանաչվածության ալիքին գտնվող վարչապետից»,-գրում է հեղինակը:
Սոլովյովն ընտրությունների անցկացման առնչությամբ խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ կան գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք անհստակություններ:
«Խորհրդարանը չի կարող ինքնալուծարվել. դա հակաօրենսդրական է: Կա մի տարբերակ, որ վարչապետը հրաժարական տա, իսկ պատգամավորները չկարողանան կառավարության նոր ղեկավար ընտրել՝ դրանով իսկ լուրջ հիմք ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Սակայն Փաշինյանը հեռանալու միտք չունի ու խորհրդարանի ինքնալուծարումը հնարավոր դարձնելու համար հայտարարում է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին: Եվ քանի որ ներկայիս խորհրդարանում մեծամասնությունը չի վերահսկվում Փաշինյանի կողմից, բացառված չէ, որ նա օրենսդիրներին կստիպի համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ կիրառելով պայքարի փողոցային մեթոդները, որոնց շնորհիվ էլ չորս ամիս առաջ վարչապետ է ընտրվել»,-եզրափակում է հեղինակը:
Աղբյուրը՝ tert.am