Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին

«Լենա Նազարյան անունով երեւույթը, ով խորհրդարանում հայտնվելու համար պարտական է բացառապես Նիկոլ Փաշինյանին, այլեւս անցել է բոլոր սահմանները: Ես հիմա, այս հրապարակմամբ, դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին`ընդունեք Լենա Նազարյանի հայտարարությունը, որպես հայտարարություն հանցագործության մասին, առ այն, որ ես կապ ունեմ մարտի 1-ի արյունոտ ոճրագործության հետ»,- Առավոտի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ Նաիրա Զոհրաբյանը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու նախագծին կողմ է քվեարկել: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Լենա Նազարյանին`կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որը սահմանում էր`արտակարգ դրության մասին հրամանագիրը նախագահի բացառիկ իրավունքն է, հետեւաբար, նման նախագիծ խորհրդարանում չի քվեարկվել:

Այսօր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»:

Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում «այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել», քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը»:

Մանրամասն՝Առավոտում