Հերմինե Նաղդալյանի ընտանիքի ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն ու գրում. «Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը»:

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, որոնք չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին:

«Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր և մենք դադարեցնեինք»,- ասել է նա: Թերթը նաև հիշեցնում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրիի փողոցների բարեկարգման համար 23,8 մլն եվրո է տրամադրել։