Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար Նիկոլ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցը:
Վարչապետն այս մասին տեղեկացրեց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
Նա ընդգծեց, որ չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու մեկնել արտերկիր:
«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկն այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնամ: Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք»:
Փաշինյանն, այսպիսով, ընդգծում է նույնիսկ մեկ ձայնի կարևորությունը:
«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունն այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասել էր Բալայանը:
Այդուհանդերձ, նա նշեց, որ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել:
Աղբյուրը՝ armeniasputnik.am