«Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մեր տեղեկություններով՝ երկուսին էլ իր մոտ է կանչել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ասել՝ դիմում գրեք ազատվեք:
Գևորգյանին, մեզ հասած լուրերով, ազատել են Երևանի քաղաքապետարանի կայքում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու համար: Մեր տեղեկություններով՝ Կամո Արեյանը, չսպասելով հաջորդ շաբաթ կայանալիք ընտրությունների արդյունքներին, կանչել է Գևորգյանին, ասել, որ նա իր դեմ է աշխատում, ինչու Տարոն Մարգարյանի նկարը հանված չէ քաղաքապետարանի կայքից, և առաջարկել է ազատման դիմում գրել: Թե ինչ պատճառաբանությամբ է ազատվել գլխավոր ճարտարապետը, հայտնի չէ: Քաղաքապետարանի կայքում երեկ կեսօրին արդեն «տեղեկատվության վարչության պետ»-ի դիմաց նշված էր պետի տեղակալ Արա Մարտիրոսյանի անունը: Ավելի ուշ Արթուր Գևորգյանն իր էջում գրառում կատարեց.
«Հարգելի´ գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար… Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի թան 7 տարիների համատեղ աշխատանքի համար»: Մենք զրուցեցինք նաև գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա ասաց. «Այո´, ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Իսկ ո՞րն է պատճառը:
«Ես պատճառ չունեմ, ուղղակի այդպես որոշեցի, բավականին երկար ժամանակ աշխատանքային վիճակում էի, մի օր պետք է ավարտեի»: Նոր հանգամանքներ կային, գուցե ավագանու ընտրություններո՞վ է պայմանավորված: «Բացարձակ, ոչ մի շարժառիթ չկար, ուղղակի մի օր մի բան սկսվում է և վերջանում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: