«Շանթ Հարությունյանը հավատացած էր, որ հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվելու: Նա ամիսներ շարունակ սպասում էր և այդ պատճառով ինձ հասկանալի է ՔԿՀ-ում նրա հայտարարությունների իմաստը»,-Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ ՎահանԲադասյանը:
Վահան Բադասյանի խոսքով` Փաշինյանի ներկայիս գործելաոճը հեղափոխության շահերից չի բխում, որովհետև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը պետք է բացեր բանտերի դռները և ազատ արձակեր քաղբանտարկյալներին.«Նրանց, ովքեր այս կամ այն ճանապարհով նպաստել էին, որ կատարվեր հեղափոխությունը»: Քաղաքական գործիչը ընդգծում է, որ հեղափոխության հետևում կանգնած է հայ ժողովուրդը , մինչդեռ Փաշինյանը և նրա կողքին կանգնած երիտասարդները այլ կերպ են մեկնաբանում.
«Ցավն այն է, որ թվում է, թե հեղափոխությունը իրենք են կատարել` մի խումբ երիտասարդների հետ: Այո, նրանք գլխավորել են և դրա համար` փառք նրանց: Նրանք կորդինացրել են իրավիճակը, բայց հեղափոխությունը մի օրում չի կատարվել: Հայ ժողովրդի կուտակված էներգիան և ցասումն է պայթել, որը եկավ 1996 թվականից ու առավել ուժգնացավ մարտի 1-ից հետո: Տարեց մարդիկ կհիշեն և կփաստեն, թե ինչպես է առաջին նախագահը ավզակապետությամբ թալանել երկիրը` վաճառելով գործարանները մարդկանց թողնելով առանց աշխատանքի:
Պատերազմ էր, սով, մութ ու ցուրտ…ու երկիրը թալանվեց»,-նկատում է Վահան Բադասյանը: Բադասյանը կոչ է անում` չմոռանալ «Սասնա ծռերի» և Շանթի ապստամբությունները, քանի որ սրանք հեղափոխության հիմնական դետալներ են.«Շանթը դեմ կանգնեց ռեժիմին և դա արեց նաև Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը, սակայն չի առաջնորդվում հեղափոխության կանոններով: Նա հեղափոխությունը վերածեց իշխանափոխության: Իմ քննադատական խոսքին զուգահետ նշեմ, որ եղել եմ Փաշինյանի կողքին և շարունակելու եմ սատարել նրան, սակայն նկատառումներս ցանկանում եմ լսելի դարձնել: Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվի…»,-եզրափակեց Վահան Բադասյանը:
Լուսին Ղազարյան
Նյութի աղբյուրը՝ primenews.am