Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ դատավոր աշխատած Պարգև Օհանյանի համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատավորի վրա ճնշում գործադրելու, արդարադատության ու արդարությունից է խոսում: Օհանյանը, ով դատավոր է աշխատել 1999-2008 թվականը, հիշում է՝ ինչ բարքեր էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ:
«Դատավորներին պատվերները սկսվել են հենց Քոչարյանի ժամանակ: Բավական է հիշենք, հենց Հյուսիսային պողոտայի հետ կապված պատվերները: Նախագահականից կամ զանգում էին՝ օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը, կամ կանչում էին նախագահական: Զանգել են դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչել է դատավորներին, ասել է՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը պիտի լուծվեն հօգուտ իրացնողների: Սա նորություն չի»,-պատմեց նախկին դատավորը:
Ըստ նրա՝ դատավորին պատվերը միշտ միջնորդավորված է եղել: «Կարող է ուղիղ դատավորին զանգելու դեպքեր լինեն, չգիտեմ, ինձ հետ չի եղել: Կոնկրետ ինձ ոչ ոք չի զանգել: Ասվում էր դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչում էր, հրավիրում էր բոլորին՝ ասում էր՝ սենց-սենց: Նման արատավոր բաներ է եղել Քոչարյանի իշխանության ժամանակ»,-բացահայտեց Օհանյանը:
«Հիմա ո՞վ է խոսում օրենքից, արդարությունից, զավեշտ է: Անձը, ով ստեղծել է պատվերով արդարադատության, կաշկանդված, կոռումպացված համակա՞րգը»,-հարց է ուղղում նախկին դատավորը: Նրա խոսքով՝ այսօր ահռելի կարողության տեր Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ ամբողջ երկիրը վերածել էր «իր շահի բոստանի», ամեն ինչ ծառայեցնում էր իր շահերին ու իրեն ոչ ոք չպետք է խանգարեր. «Ամեն հարաբերության մեջ իր շահն էր:
«Ռոյալ Արմենիայի» գործով գործարան կար, մի քանի շահ էր համընկել…, հողեր, տարածքներ, Հյուսիսային պողոտա, բիզնես էր ու էդ բիզնեսում պիտի իրանց խանգարող չլիներ: Դատավորն ո՞վ էր, դատավորը պիտի նոտարի պես հաստատեր վճիռները, որ մարդանց հանեն, որ էնտեղ շենքեր կառուցեն, իրանք միլիոններ, միլիարդներ աշխատեն: Հիմա էդ մարդը նստել, խոսում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի կենցաղային խոսակցությունունից ու դա որակում հանցագործությո՞ւն»,-տարակուսեց Օհանյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությանը դատավորի զանգի մասով, ապա Պարգև Օհանյանի խոսքով, այդ մասով խոսակցությունը չպետք է լիներ: «Ակնհայտ է, որ էդ երևույթը միշտ եղել ա ու էդ երևույթը ձևավորվել է հենց Քոչարյանի իշխանության կողմից կարելի է ասել: Դատավորն էլ մարդ ա, կաշկանդվում ա, հա, հիմքերը նայում ա, բայց նրա առաջ հանրապետության նախկին նախագահն ա»,-ասաց նախկին դատավորը՝ շարունակելով. «Այդ զրույցը չպիտի լիներ, եթե խորանանք դատավորի, պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների մեջ, բայց մեր իրականության մեջ նման երևույթ կա և գալիս է հենց Քոչարյանի իշխանության օրերից սկսած»:
Միևնույն ժամանակ Պարգև Օհանյանը ուղղակի պարտադրանք դատավորին այդ խոսակցության մեջ չի տեսնում: «Նրբությունն ինչում է. Կալանքի հիմքերի մասին է խոսքը, այսինքն ԱԱԾ պետն ասում է՝ էդ հիմքերի պարագայում դու ուզես-չուզես պիտի կալանքը տաս: Փաստացի սա ցուցում չի կարա լինի, որովհետև եթե չտար էլ, ԱԱԾ-ն ի՞նչ պիտի աներ, ԱԱԾ-ն լծակ չունի դատավորի վրա: Ես ճնշում կհամարեի, որ ուղղակի ասեր՝ պարտադիր պիտի տաս: Ես պարտադրանք չեմ տեսնում»,-ասաց Օհանյանը:
Նշենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը գաղտնալսված խոսակցության մեջ ՀՔԾ պետին ասել է. «Ինձ դատավորը նոր զանգեց: Դե մի քիչ վախեցած ա: Ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը: Հրա՞չ, հա՞: Հրա՞չ ա անունը դատավորի: …Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք ա կալանքը տա: Ասել եմ՝ դուխով: Բա, մի հատ հիմքերը պրոստո նայեմ, պարոն Վանեցյան, հետո զանգեմ, զեկուցեմ, էս անեմ, էն անեմ: Ասեցի նայի հիմքերը, հետո կզանգես: Բա կալանքը ուզես չուզես, պիտի տաս»:
Ըստ Օհանյանի՝ պատվերի դեպքում ոչ թե դատավորը կզանգեր, այլ դատավորին պիտի զանգեին: «Ես որպես նախկին դատավոր ասեմ, որ ԱԱԾ պետը երբեք դատավորին ուղղակի չի ասի: Մի քիչ անուղղակի հուշվում է միջնորդությունը ներկայացնող անձի կամ դատախազության միջոցով»: Ըստ Օհանյանի՝ նախկինում դատարանի վրա ճնշումները եղել են տարբեր ձևերով:
«Ամենասովորական քրեական գործը քննելիս դատախազն ընկալվել է որպես պետության, ուժային կառույցի ներկայացուցիչ, և դատավորները, չասեմ վախեցել են, միշտ հաշվի են նստել մեղադրողի հետ: Սա նաև եկել է նաև խորհրդային տարիներից»,-նշեց Օհանյանը: Նա նաև մանրամասնեց, որ դատավորները միշտ էլ կաշկանդված ու երկյուղած են եղել, որ վայ, ԱԱԾ-ի գործ է, զգույշ լինենք. «Բայց եթե դատավորը հեռու լինի կոռուպցիոն անգամ մտքից, մաքուր լինի, ոչ մեկից էլ չի կաշկանդվի: Դա էլ կա, բայց դա էլ միանշանակ չի, որովհետև եթե անգամ դատավորը կաշառք չի վերցնում, էլի վախենում է իր պաշտոնը կորցնել»:
Yerevan.Today-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է որակել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությունը. «Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել:
Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից»,-ասել է նա: Պարգև Օհանյանն այսօր հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին. «Իսկ որ դու դատավորին ցուցում էիր տալիս 12 տարի նստացնել անմեղ մարդուն, հանցագործություն չէ՞ր: Հենց «Ռոյալ Արմենիան» ի՞նչ էր, ուղղակի ցուցումով էր գործը եկել, որ պիտի դատապարտվեն 12 տարի ազատազրկման»:
Ո՞վ է ցուցումը տվել մեր հարցին ի պատասխան՝ Օհանյանն ասաց. «Նախագահականից: Հիմա անուն չտամ»: Օհանյանի խոսքով՝ «հանցագործն այսօր խոսում է հանցագործության մասին»: «Իսկ որ դու քո ախրաննիկներին ասում էիր՝ սատկացրեք էսինչին, որովհետև ասել ա՝ «պրիվետ, Ռոբ»: Դա հանցագործությո՞ւն չէր»,-կրկին հարց է ուղղում նախկին դատավորը: Ըստ նրա՝ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ վերահսկել է անգամ քաղաքացիական գործերը, եթե իր կամ շրջապատի շահն է եղել մեջտեղում:
«Եղել է տասնյակներով անգամ էնպիսի գործեր, որ հասարակ քաղաքացիական գործ էր, բայց որտեղ շահ կար տարածքի հետ կապված, կարար էդ հարցը միչև հասներ իրեն, և եղել է տենց դեպք, երբ կանչել են նախագահական, թե ինչի եք էս վճիռը կայացրել»,-պատմեց դատավորը, ով «Ռոյալ Արմենիայի» տիրոջ արդարացման վճռից հետո Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ հեռացվեց դատավորի պաշտոնից: Ըստ Օհանյանի՝ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության էությունը պետք է քննութամբ պարզվի:
Ինչպես հայտնի է՝ զրույցի բովանդակության առթիվ գլխավոր դատախազությունն արդեն քրգործ է հարուցել՝ բացահայտելու պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հիմքեր կան, թե ոչ: Ինչ վերաբերում է «Մարտի մեկի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Ազարյանի որոշմանը, Պարգև Օհանյանը սխալ է համարում այն. «Չի կարող անձը, ով ուզում է լինի, լինել բացարձակ անձեռնմխելի: Վճռաբեկը հուսով եմ, կբեկանի այդ որոշումը»:
Աղբյուր՝ forrights.am