«Պոլին պառկեցնելով՝ հարցը չի լուծվում»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվեց, քննարկվեց բովանդակությունը, երևույթը: Անդրադառնալով երևույթին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն պետության դեմ էր:

«Եթե ԱԱԾ պետի հեռախոսը գաղտնալսում են, դա արդեն պետության դեմ է: Իհարկե, հնարավոր է, որ այն լինի թե՛ ներսից և թե՛ դրսից՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա և այլն: Դրա համար շատ կարևոր է շուտափույթ պարզել, թե որտեղի՞ց է արվել այդ գաղտնալսումը, ո՞վ է արել և ինչի՞ համար է արվել: Մենք փաստացի պերմանենտ պատերազմող երկիր ենք, և եթե ԱԱԾ պետին լսում են, չի բացառվում, որ կլսեն նաև վարչապետին, ՊՆ նախարարին, հրամանատարներին և անվտանգությունն ապահովող տարբեր մարդկանց հեռախոսազանգերը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավադրություն և հանցագործություն որակեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը:

Նա հայտարարեց, որ բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել, օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Կարեն Քոչարյանն, անդրադառնալով հայտարարությանը, նախ ընդգծեց. «Այդ պայքարը ասֆալտին պառկեցնելով, թե օրենքով կամ այլ ձևով են իրականացնում՝ իրենց խնդիրն է, բայց դա նոր չպետք է անեին: Նախ՝ պետք է օրենքը հստակ սահմանի, թե ով կարող է պահակախումբ ունենալու և զենք կրելու իրավունք ունենալ: Միգուցե կան այդ կարգավորումները, բայց այդ հարցը վաղուց պետք է լուծեին, ոչ թե նոր, երբ ԱԱԾ պետի հեռախոսազանգն է գաղտնալսվում: Բայց սա իր մեջ նաև մինուսներ էլ է պարունակում: Օլիգարխներից ու գործարարներից է խոսվում, բայց զուգահեռ ասում է՝ ներդրումներ արեք: Բայց ներդրողը, գործարարը չի սիրում ասֆալտին պառկել, նա պետք է առաջին հերթին իր և զուգահեռաբար նաև իր գումարների համար 100 տոկոսանոց երաշխիք ունենա»:

Թե հայտարարությունը քաղաքական ինչ զարգացումների կհանգեցնի, Կարեն Քոչարյանի կարծիքով, իրենց խնդիրն է. «Ես ասում եմ պետության տեսանկյունից. երբ ամեն րոպե ներդրողներին հրավիրում ես ու ասում, որ կոռուպցիա չկա՝ եկեք, բայց զուգահեռ ասում ես ասֆալտին պառկեցրեք, դա կարող է իր հետևանքը ունենալ»:

Իսկ գնահատելով ընդհանուր ներքաղաքական իրավիճակը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Հիմա ծանր փուլում ենք: Այդ փուլից դուրս գալու ճանապարհը բանակցություններն են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում պետք է բանակցություններ վարել: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, որովհետև պոլին պառկեցնելով հարցը չի լուծվում: Ասֆալտին կարող են պառկեցնել իրավապահ մարմինները՝ կարող են պառկեցնել կրիմինալին, իսկ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների միջոցով լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում՝ ամեն ինչ ավելի կխորանա»:

Դիտարկմանը, թե բանակցությունների գնալու կոմպրոմիս այս պահին, կարծես, չկա, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է փորձել նստել բանակցությունների սեղանին, որ իմանանք՝ կա՞, թե՞ ոչ: Ո՞վ է ասում, որ չկա կոմպրոմիս: Օրինակ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց վարչապետին, կարծեք թե կար այդ կոմպրոմիսը: Այստեղ պետք է բոլորը շահագրգիռ լինեն նստել բանակցությունների սեղանին, որովհետև գոնե լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ առանց բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ մի հարց չի լուծվելու: Բացի այդ, կարծում եմ, որ այդ գործընթացի մեջ պետք է ներգրավված լինեն նաև ՀՀ նախագահը, Ազգային ժողովի խմբակցությունները, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք հասարակության ինչ–որ մի հատվածի աջակցությունն ունեն»:

Ինչ վերաբերում է սևերի և սպիտակների բաժանմանը, որն օրեցօր նաև սուր հնչերանգ է ստանում, քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ բաժանումը վերոնշյալի հետևանքն է: Այսինքն, եթե բանակցությունների սեղանի շուրջ նստեն, սև ու սպիտակի բաժանում չի լինի: Հարցին, թե ո՞ւր կարող է տանել այդ բաժանումը, քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքական ճգնաժամի»:

Կարեն Քոչարյանն այս պահին, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ դեռ չի տեսնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում