Չխախտելով անձի անմեղության կանխավարկածը, և հոգու խորքում ցանկանալով, որ տուշոնկա-սգուշչյոնկան ինչ-որ տրամաբանական բացատրություն ունենա, ուզում եմ պատմել, թե «Իմ երազանքը» շաբլոն ավարտական շարադրության մեջ ինչ է գրել, ինչ երազանք է հայտնել Արշալույս գյուղի սովետական դպրոցական Մանվել Գրիգորյանը: Այն տարիներին պարտուս էր, բոլորն էլ պիտի տասներորդ դասարանն ավարտեին, անկախ ընդունակություններից ու ցանկությունից: Եվ բոլորն էլ պարտավոր էին գրել այդպիսի շարադրություններ, և ծույլ սովորող աշակերտների երազանքները հիմնականում գրում էին դասարանի լավ սովորողները, ձևական հարցնելով, թե ինչ կուզենայիր դառնալ: Հիմնականում էլ պատասխանում էին՝ մի բան գրի: Եվ այսպես խորհրդային աղջնակներն ուզում էին դառնալ տիեզերագնաց՝ Վալենտինա Տերեշկովայի օրինակով, ուսուցչուհի և իրավաբան , տղաները ևս տիեզերագնացի, տնտեսագետի, դատավորի երազանքներ էին հայտնում: Սակայն ավարտական դասարանի աշակերտ Մանվել Գրիգորյանը գրել էր. «Իմ երազանքն է ունենալ տասը խոզ»: Ուսուցչուհին, բնական է, անարգանքի սյունին է գամել Մանվելին, ասելով, թե այ տղա, ուրիշները երազում են մեծ-մեծ բաներ, դու էս ինչ ես գրել, ինչ ես անում տասը խոզը: Մանվելը գեներալավարի պատասխանել է՝ «Որ այդ խոզերը ծախեմ, ավտո առնեմ, գյուղից Երևան գնամ, քեզ էլ ճամփին տեսնեմ, չվերցնեմ»՚: Այսքան բան:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Կխնդրեի հայհոյանքով չարձագանքել:
Աղբյուրը՝ Aravot.am-ի