Յուրի Խաչատուրովի որդին Սասուն Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել իր հորից

ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, հայտարարություն է տարածել այսօր հրապարակված գաղտնալսման մասին, որտեղ նաև խոսք էր եղել իր հոր` Յուրի Խաչատուրովի և նրա գործի մասին։

Առանց կենտրոնանալու ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ձայնագրության մեջ խոսվող Յուրի Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստի վրա` Իգոր Խաչատուրովը առանձնացրել է մի քանի դրվագ և խոսքն ուղղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

«Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք տվել պատերազմ անցած, մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին ասել` թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղակայել  էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում և այդպես էլ բանակում չծառայեցիր։ Եվ հենց չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերակել  գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները։ Խաչատուրովին «էշ» անվանելուց առաջ մտածեիր, որ գալու է օրը և դու պատասխան ես տալու»,–գրել է Իգոր Խաչատուրովը։

Նա Սասուն Խաչատրյանին խորհուրդ է տալիս հրապարակային ներողություն խնդրել կյանքը հայրենիքին նվիրած, նաև նրա անվտանգությունն ապահոված մարդուց` նման կերպ նրա մասին արտահայտվելու համար։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

armeniasputnik.am