ՀՀԿ-ն մեծ ֆրոնտով գործի է անցել Փաշինյանի դեմ

Թերթը գրում է, որ եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնում են նոր իշխանությունների բոլոր «այիբներն ու կիքսերը»։

 ՀՀԿ-ն ամբողջ թափով և մեծ ֆրոնտով գործի է անցել, բայց առավելապես՝ արտաքին քաղաքական դաշտում։ Վերջին օրերին Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներկայացնելով նոր իշխանությունների բոլոր «այիբներն ու կիքսերը» և եվրոպական միտքը տրամադրելով Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` հատկապես շեշտը դրել է երկրում սահմանադրական կարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտում խախտումների վրա։

Այս զրույցների արդյունքում ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլն իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս առնչությամբ ես հանդիպում ե ունեցել Արմեն Աշոտյանի հետ, որը բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին։ Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը»:

Հանդիպումների բնույթը չի թաքցրել նաև Աշոտյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ հանդիպել է ԵԺԿ նախագահի հետ և նրան ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները։