Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարարությանը, որ ինքը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է Մարտի 1-ի գործի դեպքում:
«Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որեւէ սահմանափակում չկա, որպեսզի նրա փաստաբանները սկսեն այն իրավական գործընթացը, որն ինքն ակնկալում է եւ որը կառավարության լիազորությունների մեջ չի մտնում: Ես էլի ասում եմ. որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի փաստաթղթերը բաց կալանքի դուրս գալու եւ արձակուրդ գնալու, ինքը փաստացի կհայտնվի ազատության մեջ՝ մինչեւ իր հարցն ամբողջական կլուծվի, ինչպես նաեւ իմ հարցը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ ինքը մինչեւ հիմա դատապարտված է 2008թ. Մարտի 1-ի գործով, սակայն, ի տարբերություն Շանթ Հարությունյանի, ոչ մեկին դրա համար չի մեղադրում։
«Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող այդ գործընթացն անցնի իրավական ընթացակարգերը, գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի հայտ գա նոր հանգամանք, իսկ նոր հանգամանքը իմ գործով չպետք է լինի այն, որ այն ժամանակ ես քաղբանտարկյալ էի, իսկ հիմա՝ վարչապետ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ առաջարկում է, որ Շանթը ֆիզիկապես բանտում չլինի։
«Երբ ինքը ֆիզիկապես բանտում չլինի, մենք նաեւ ընդհանուր ինչ-որ լուծումներ կգտնենք։ Հիմա Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը, որ ազատության մեջ են, ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է»,- հավելեց նա:
Նյութի աղբյուրը՝ primenews.am