Գլխավոր Քաղաքականություն «Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի...

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին

Նոր կառավարությունն այսօր ծանոթանում է այն ժառանգությանը, որը ստացել է։ «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա բավական ծավալուն աշխատանք է։ Դրանից հետո պետք է տեղի ունենա գնահատում այդ ժառանգության և որոշում կայացվի, թե ինչ հիմքի վրա է շարունակվում բանակցային գործընթացը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի` գործնական առումով կարևոր է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացի ամենավերջին փուլերում և գնահատել՝ արդյոք նոր կառավարության համար այդ հիմքի վրա բանակցությունների շարունակությունը ընդունելի է, թե այդուամենայնիվ, պետք է վերսկսել մի նոր կետից, կամ էլ ինչ-որ սրբագրումներ և փոփոխություններ պետք է արվեն։ Հենց սա է գործընթացը, և կարծես հենց միջնորդներն ու միջնորդ երկրները ընդունում են, որ հարցը ահա այսպիսի փուլում է գտնվում։

«Մենք պետք է արձանագրենք, որ ես, լինելով ՀՀ վարչապետ, լիազորված եմ ՀՀ անունից բանակցելու Ղարաբաղյան հարցի համատեքստում, բայց լիազորված չեմ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անունից, ԼՂՀ ժողովուրդն ունի իր սեփական պետական համակարգը, պետական ներկայացուցիչներ, ովքեր պիտի բանակցեն: Մենք չենք ասում, որ հրաժարվում ենք բանակցել, մենք ասում ենք, որ պատրաստ ենք հնարավորինս էֆեկտիվ ձևով բանակցել, սակայն այդ դիրքորոշումը պետք է հստակ ամրագրել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այս հայտարարությունը թշնամաբար ընդունվեց Բաքվում, Փաշինյանն արձագանքեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի քանի հայտարարություններում արձանագրվել է այդ գործընթացում Արցախի ժողովրդի վճռորոշ դերը, և իր հայտարարությունները տեղավորվում են հենց այդ հայտարարությունների տրամաբանության մեջ: «Անտրամաբանական կլիներ, որ մտածեինք, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման»:

Ինչ վերաբերում է փոխզիջումների հարցին, Փաշինյանը նշեց. «Հայկական կողմն իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս հայտարարել է, իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման»:

Վարչապետն ընդգծեց՝ ՀՀ-ն որևէ մտավախություն չունի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ, բայց սա չպիտի մեկնաբանվի, որ մենք հակված ենք պատերազմի: Մենք ասում ենք, որ այո, պատրաստ ենք լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ուղիները, բայց կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում հաստատվի կարգավորման մթնոլորտ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել էր ղարաբաղյան հակամարտության մասին` նշելով, որ Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս:

Աղբյուրը՝ armeniasputnik.am