«2008 թվականի մարտի երեքին ոստիկանության բաժնում մեզ ծեծեցին: Ամենաահավորն էն էր, որ ստիպում էին գրել, թե Նիկոլն ապստամբության կոչ էր անում, զենք էր բաժանել, պիտի հելնենք»: Մարտիմեկյան արյունալի դեպքերի ծեծուջարդի մասին պատմում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելած ազատամարտիկ Վասիլ Խանաղյանը: Ասում է՝ Մարտի մեկը հո մենակ Երեւանու՞մ չի եղել, մարզերում էլ է եղել: Խանաղյանի խոսքով՝ ինքն ու շատ այլ մարդիկ տասը տարի ապրել են վիրավորանքով ու ցավով:
Վասիլ Խանաղյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Ազատամարտիկը հիշում է, որ 2008 թվականի մարտի երեքին իրեն ու էլի մարդկանց տարան Մասիսի ոստիկանության բաժին ու ծեծեցին, որովհետեւ իրենք ակտիվ մասնակցում էին նախորդ օրերի հանրահավաքներին.
«Ինձ տարան ամսի երեքի առավոտյան: Մեզ վերաբերվում էին որպես երրորդ սորտի մարդ: Ճուտը՝ Մասիսի պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, սադրիչներից մեկն էր Մարտի մեկի ժամանակ: Ես լրիվ տեսել եմ, հիշում եմ: Բերեք դեմս նստեցրեք, ես կասեմ: Մի ամբողջ օր ծեծում, հայհոյում էին: Բացի էդ հայհոյանքները, ամենաահավորն էն էր, որ թքում էին մեր վրա: Ամեն ձեւ կոտրեցին, էդ Ճտի կաբինետում»,- մեր զրույցում ասում է Վասիլ Խանաղյանն ու նշում, որ «Ճուտն այդ ժամանակ աշխատում էր քրեականում»: Ճուտ մականունով Արթուր Զաքարյանը ներկայումս Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալն է:
Խանաղյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում ինքը մենակ չէր, էլի մարդկանց էին տարել ու իրենց հերթով ծեծում էին՝ Արթուր Զաքարյանը, հետո Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Գագիկ Բադալյանը. «Դրանք, էդ «ճտերով» ծեծեցին, մի ամբողջ սուտկա պահեցին, ջուր չտվեցին: Ստիպված ասել եմ ՝ զուգարան եմ գնում, որ ջուր խմեմ գոնե: Ամբողջ գիշեր պահել են»,- ասաց Վասիլ Խանաղյանը:
«Ասում էին՝ գրեք, որ զենքեր կան: Ասում եմ՝ էդ դուք եք արել, մենք՝ ընդհակառակը, կանգնած էինք ոստիկանների կողքին, որ բախում չլինի հանկարծ: Էն ժամանակ մարզի դատախազն էլ Պարսամյան Սուրիկն էր: Էկավ, բա թե՝ գրի՛: Չէի գրում, իմ վրա գործեր սարքեցին, ամբողջ գիշեր էլ մի նեղ, փոքր խցում պահեցին»,-մեր զրույցում պատմում է Վասիլ Խանաղյանն ու նեղսրտում, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե Մարտի մեկը բացահայտված է, այնինչ, Ճուտ մականունով Արթուր Զաքարյանը դեռ աշխատում է ոստիկանական համակարգում:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com