Հաղորդավարուհի Լուլուն՝ քաղաքականությունում. Ո՞ր կուսակցությունից հանդես կգա նա

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքապետի թեկնածուներին հստակեցնելուց հետո անցել են ցուցակի կազմի հստակեցման գործին: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում լինելու են ակտիվիստներ, հաղորդավարներ, դերասաններ:

ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորելու է դերասան, մասնագիտությամբ ինժեներ Հայկ Մարությանը: Ցուցակում լինելու են նաեւ ակտիվիստներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զաքարյանը եւ Իզաբելլա Աբգարյանը: Նրանք բոլորն ակտիվորեն մասնակցել են թավշյա հեղափոխությանը եւ այլ բողոքի ակցիաների: ՔՊ-ի ցուցակում լինելու մասին տեղեկությունները ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

– Լուսինե, տեղեկություններ ունենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակում կա նաեւ ձեր անունը:

– Այո, կա իմ անունը:

– Քաղաքացիական պայմանագրից բազմաթիվ ընկերներ ունեք, գուցե դա՞ է նպաստել ցուցակում ձեր հայտնվելուն:

– Գիտե՞ք, հետաքրքիր բան ասեմ. ցուցակագրվելու առաջարկությունը կամ քննարկումը չի եղել ՔՊ-ի իմ մտերիմների կողմից եւ դա ինձ շատ ավելի է գոհացնում: Այստեղ ընկերական առաջարկները առանձնապես մեծ դեր չեն խաղացել: Ասեմ, որ սա միակ կուսակցությունը չէ, որտեղից ինձ առաջարկ է արվել: Ես հասկանում եմ, որ ավագանու անդամ դառնալու հրապարակումն արդեն իսկ շատ խոսակցությունների տեղիք է տալու, եւ նորմալ է, որ մարդիկ հետաքրքրված են: Այս տարիների տարբեր պայքարների ընթացքում ես ուղղակի գտա այն միակ տարբերակը, որն ինձ թույլ կտա ավելի հասարակական գործունեություն ծավալել, ոչ թե՝ քաղաքական: Սա փորձաշրջան է, որն ինձ հնարավորություն կտա հասկանալու՝ ես կարո՞ղ եմ այդ դիրքերից օգտակար լինել իմ ազգին, թե՝ ոչ: Այս պահին հնարավորություն է տրվում հասկանալու համար, բազմաթիվ գաղափարներ կան, պարզապես որոշակի փորձ է պետք՝ խնդիրների նկատմամբ ուշադիր լինելու: Գնացել եմ այդ քայլին, որպեսզի նախ եւ առաջ գործնականում օգտակար լինեմ քաղաքին եւ քաղաքացիներին, որ խոսքը գործով ապացուցեմ: Հասարակությունն էլ ունի իրավունք՝ տեսնելու այն մարդկանց, որոնց ինքը վստահել է տվյալ գործում:

– Ասացիք, որ այլ կուսակցություններից էլ եք առաջարկներ ստացել, անուններ կասե՞ք:

– Անկեղծ ասած, չեմ ցանկանա անուններ տալ, գրեթե բոլոր կուսակցություններից առաջարկներ են եղել, բայց այնտեղ քննարկումների փուլ էլ չենք անցել, որովհետեւ ՔՊ-ի կողմից առաջարկը եղել է դեռ շատ վաղուց, նախ՝ խոսակցությունների մակարդակով, հետո՝ լրջացնելով, այսինքն, էսպես թե էնպես իրենք առաջինն են եղել: ՔՊ-ն այն կուսակցությունն է, որը ստեղծման առաջին իսկ օրից իր քայլերով, գաղափարներով, իր գործունեության շրջանակներով ավելի հոգեհարազատ է եղել ինձ, քան որեւիցե այլ քաղաքական ուժ:

– Այսինքն՝ ցանկություն ունեք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ դառնա՞լ:

– Ճիշտն ասած՝ չեմ մտածել, այդպիսի պլաններ, նպատակներ չեն եղել, բայց չեմ էլ բացառում: Հետագայում հնարավոր է՝ հանրության շահերից ելնելով, որեւէ գործին օգուտ տալու համար:

– Նախկինում էլ շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ կուսակցական են դարձել, բայց հանրության կողմից բացասական վերաբերմունքի են արժանացել: Մտավախություն չունե՞ք, որ նույնը կարող է եւ ձեր դեպքում լինել:

– Չեմ կարծում, որ այս պահին կուսակցական դառնալու թեման ակտուալ է եւ պետք է քննարկել, բայց ինչ վերաբերում է շոուբիզնեսին՝ այստեղ հանրության երեւի շատ քիչ հատվածն է, որ ինձ դիտարկում է որպես շոուբիզնեսի ներկայացուցիչ, ինքս էլ չեմ պատկերացնում ինձ շոուբիզնես ասվածի մեջ: Ուղղակի, որպես եթերային մարդ, երեւի ինձ էլ են ընդհանրացնում շոուբիզնեսի հետ, բայց ինքս դժվարանում եմ նույնացել: Ասածիս մեջ ենթատեքստ պետք չէ փնտրել, բայց չեմ էլ ուզում ընդհանրացվել, որովհետեւ կա անցած ճանապարհ, կա գործունեություն:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում