«Յոլա գնալու ռեժիմը պիտի հանենք». Փաշինյանը` «Գումի» շուկայում

Վարչապետին մտահոգել է գների բարձրացումը։ Նա անձամբ է գնացել շուկա։

Նիկոլ Փաշինյանը անակնկալ այցելել է «Գումի» գյուղմթերքի շուկա` գների թանկացման մասին ինֆորմացիան ճշտելու, նաև գյուղացու և վերավաճառողների հոգսերին տեղեկանալու համար։

Պտտվելով շուկայում և զրուցելով վաճառողների հետ` վարչապետը տեղեկացավ, որ բարձրացել են լոլիկի, վարունգի և ձմերուկի գները։ Պատճառների մասին հարցին վաճառականներից մեկն ասաց, որ այս տարի ամառը մեկ ամիս առաջ էր ընկել։

«Գիտեք ոնց ա` գյուղացին վաճառում է մեկին, էդ մեկն էլ տալիս է մեզ, այ ըտենց թանկ է ստացվում։ Ձմերուկը, լոլիկը, վարունգը թանկացել են, որովհետև մի ամիս շոգն առաջ ընկավ, մարդիկ իրենց պահածոները սովորույթի համաձայն օգոստոս–սեպտեմբերին պիտի անեն, բայց արդեն չկա, վառվել է, թափվել է»,–բացատրեց վաճառողը։

Իսկ Փաշինյանն էլ նկատեց, որ սա շուկա է և խանութների համեմատ այստեղ պետք է էժան լինի, որ մարդիկ մտնեն։

Վաճառող կանանցից մեկը Փաշինյանին տեսնելով սկսեց շնորհակալություն հայտնել և ասել, որ շատ է սիրում նրան։

«Առևտուրներս ընկել է, էլ ինչի՞ եք շնորհակալ»,–

«Ոչինչ յոլա կգնանք, կարևորը հույսն է»,–պատասխանեց կինը։

«Յոլա գնալու ռեժիմը պիտի հանենք, ինչքան յոլա գնացինք, հերիք է, հիմա պիտի ապրենք»,–հավելեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը խոսքի բռնվեց դեղձ ու պղպեղ աճացնող ու վաճառող կնոջ հետ, ով Արտաշատից էր։ Վարչապետը խնդրեց ներկայացնել դժվարությունները։ Կինն ասաց, որ խնդիրը գարնանը պարարտանյութերն ու թունաքիմիկատներն են։  Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում գյուղացիները, արդյո՞ք հող մշակելով կարողանում են ապրել։ «Միջին ենք ապրում, դժվարությամբ։ Սուպերմարկետներից առաջ շատ լավ էր, հիմա շատ է նվազել առևտուրը»,–պատասխանեց վաճառողուհի կինը։

Վարչապետը շարունակում է իր շրջայցը` օգտվելով հյուրասիրությունից։ Sputnik Արմենիայի թղթակիցն աշխատում է տեղում, կտրամադրենք նոր ինֆորմացիա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am