Հայաստանից Ադրբեջան մեկնած կանցլերը, թերևս, դեռ երկար կհիշի երևանյան այցը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առավոտյան հասել է Բաքու, որից հետո նրա Instagarm-յան էջում լուսանկար է հրապարակվել։ Բայց ոչ թե Բաքվից, այլ` Երևանից։
«Երեկոյան զբոսանք Երևանում։ Մերկելը պաշտոնական բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ոչ մեծ զբոսանք է կատարել քաղաքում»,- գրված է լուսանկարին կից մեկնաբանությունում։
Պաշտոնական այցով Հայաստան եկած Անգելա Մերկելը երեկ շրջել է Երևանի կենտրոնով: Հյուսիսային պողոտայում նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը: Բազմաթիվ մարդիկ Մերկելի, ՀՀ նախագահի և վարչապետի հետ ինքնանկարներ անելու հնարավորություն են ունեցել:
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Երեկ նա Երևան է ժամանել։ Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա «Թումո» կենտրոն։
Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։
Գերմնաիայի Կանցլերն այժմ Բաքվում է։
Աղբյուր՝ armeniasputnik.am