Այսօր լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: «Իմ արած գործարքները բոլորն օրենքին համապատասխանում են, իսկ նոտարական գաղտնիքի վերաբերյալ որևէ տեղեկություն հեռախոսով տալու ցանկություն չունեմ»,-Primenews.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ նոտար Աննա Աբրահամյանը։
Աննա Աբրահամյանը հաստատեց, որ իր նկատմամբ դատական գործ է հարուցվել, բայց այլ մանրամասներ հայտնել չցանկացավ։
«Ես գործարք արել եմ, մերժման որոշում տվել եմ օրենքին համապատասխան, ինքը ծանուցում ստացել է, գործը բողոքարկվել է, իսկ մնացածն արդեն թե ինչ են մտածում, ինչ են խոսում, դա ինձ հաճելի չէ ոչ լսել, ոչ էլ պատասխանել որևէ հարցի»,- ասաց նա։
Հարցին՝ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում, նախկին վարչապետի աղջիկն ասաց. «Չեմ խորացել այդ հարցի մեջ։ Ամեն դեպքում չեմ տեսնում քաղաքական հետապնդում։ Կապ չեմ տեսնում»։ Նշենք, որ գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը։
Նյութի աղբյուրը` primenews.am