Խաղ է, բայց լուրջ խաղ

Վերջապես հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունենալու է նոր ղեկավար, եւ այդ պատասխանատու պաշտոնի գլխավոր հավակնորդն Արթուր Վանեցյանն է: Բնականաբար, մենք բոլորս լուրջ հույսեր ենք փայփայում, որ հայկական ֆուտբոլը ծնկած վիճակից, այնուամենայնիվ, ոտքի կկանգնի: Կկանգնի, եթե առաջին հերթին ու բավարար կերպով արեստավարժ, լուրջ ու սկզբունքային մոտեցում դրսեւորվի: Իսկ չլուծված խնդիրներն անթիվ են:

Այդ մասին հարկ դարձավ կրկնել ու հիշեցնել, քանի որ Վանեցյանն իր նոր պաշտոնը զբաղեցնելուց առաջ առնվազն պարզունակ հայտարարություն արեց՝ լրագրողներին տեղյակ պահելով, որ այդ պաշտոնը ցանկություն ունի զբաղեցնելու, քանի որ սիրում է ֆուտբոլը: Իսկ աշխարհում կա՞ մեկը, ով անտարբեր է այդ խաղի նկատմամբ: Սա, եթե կարելի է այդպես ասել, «բալելշչիկի» մոտեցում է: Օրեր անց էլ լսեցինք, որ նրան բոլորից շատ անհանգստացնում են պայմանավորված խաղերը:

Ինչ խոսք, սա շատ լուրջ խնդիր է, սակայն Հայաստանին դա, անկեղծորեն, բնավ չի վերաբերում, նույնիսկ «Շիրակի» հետ կապված ահազանգին ՈՒԵՖԱ-ն գերադասեց չարձագանքել: Սա նույնպես հասկանալի է, քանի որ, եթե կարելի է այդպես անվանել, դա օդապատրանք էր: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, եթե Հայաստանի առաջնությունը (որի մասնակիցների թիվը 24-ից իջել հասել էր 6-ի, եւ սա, եթե ուզում եք, համաշխարհային հակառեկորդ է) ո՛չ իր ընթացքով, ո՛չ վերջնական արդյունքներով ոչ ոքի չէր հետաքրքրում: Առաջին վկաները գրեթե դատարկ ստադիոններն են: Նման խեղկատակության պայմաններում ի՞նչ ապօրինի գործարքների մասին է խոսքը: Ուրիշ բան է, եթե (փորձից ելնելով եմ ասում) խոսքը վերաբերում է խաղադրույքներով տարված մրցավարներին:

Մեր ֆուտբոլը, այո՛, լուրջ վերափոխումների կարիք ունի, եւ բոլոր հարցերը պետք է լրջորեն քննարկվեն ու պահանջվող լուծում ստանան ոչ թե անհատների, այլ ընդհանուր շահերից ելնելով: Խոսքս, իհարկե, ամենից առաջ մանկապատանեկան ֆուտբոլի, ազգային հավաքական թիմերի, մարզիչների արհեստավարժ հմտությունները ժամանակակից պահանջների մակարդակին հասցնելու, ամբողջ հանրապետությունում ստադիոններն անհրաժեշտ տեսքի բերելու եւ այլ բազում հարցերի մասին է:

Հնարավո՞ր է լուծել այս խնդիրները: Իհարկե, եթե Վանեցյանը կարողանա իր շուրջը համախմբել արհեստավարժ մասնագետների, մեր անվանի վետերանների, գործի համար լրջորեն ցավող մարդկանց: Հուսանք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նորաստեղծ կազմը գործելու ու ղեկավարելու է հենց արհեստավարժ սպորտին հատուկ կանոններով: Միայն այդպես հնարավոր կլինի ե՛ւ մեր ակումբային թիմերի, ե՛ւ ազգային հավաքականների համար հուսադրող ճանապարհ բացել դեպի միջազգային ճանաչման պատվաբեր բարձունքները:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ hraparak.am