«Մինչև Նիկոլ Փաշինյանը Արա Բաբլոյանն էր ասել, առաջարկել, որպեսզի հանդիպի Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Եթե Փաշինյանն արձագանքել է, որ ուզում է հանդիպել Բաբլոյանի հետ, շատ նորմալ է, աշխատանքային կառուցողական պրոցես է, երբ անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները հանդիպում են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյան-Բաբլոյան հնարավոր հանդիպմանը:
Ըստ նրա՝ որքան շատ հանդիպեն, որքան բոլոր որոշումները կայացվեն քննարկումների արդյունքում, այնքան կշահի ժողովուրդը. «Ես մշտապես դեմ եմ եղել միանձնյա որոշումներ կայացնելու և հռչակելու գործին և դրական եմ գնահատում, որ վարչապետ Փաշինյանը դրական է արձագանքել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպելու առաջարկին»։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հակահեղափոխության ռիսկ չկա, եթե կողմերը տրամադիր են քննարկումների, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես առհասարակ դեմ եմ «հեղափոխություն» և «հակահեղափոխություն» եզրույթներին։ Հայաստանում հեղափոխություն չի էլ եղել, որպեսզի լինի հակահեղափոխություն։ Հայաստանում եղել է իշխանափոխություն, Հանրապետական խմբակցության օժանդակությամբ, որը չգնաց երկպառակության, չգնաց բախումների և ցնցումների ճանապարհով, ընտրվել է նոր վարչապետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է, և օրենսդիրն ունի իր գործառույթը, գործադիրն ունի իր գործառույթը, դատական իշխանությունը՝ իր գործառույթը։ Բոլոր 3 իշխանության ճյուղերը պետք է աշխատեն ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»։
Նրա խոսքով՝ իրենք ոչ մեկ անգամ նշել են, որ ո՛չ ռևանշիստ են, ո՛չ հակահեղափոխական. «Մենք մշտապես մեր գործունեության հիմքում ունենք և ունենալու ենք Հայաստանի և Արցախի շահը, Հայաստանի և Արցախի անվտանգության շահը, որ վեր է մնացած ամեն ինչից։ Իսկ մնացած բոլոր խնդիրների հարցում, որտեղ Փաշինյանի կառավարությունը դրական քայլեր կանի, մենք կողջունենք և կօժանդակենք, իսկ որտեղ կգնա սխալ ճանապարհով, կհուշենք և կքննադատենք, բայց կքննադատենք ոչ թե՝ չարախնդակով, այլ՝ կքննադատենք, որպեսզի ուղղենք»։
Աղբյուրը՝ 168.am