Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները փակվել են

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը տեղեկացել է, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագի», ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են:

«Լեժանկայի» առևտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ:

Թերթը նշում է, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին: